2012-ին ընտրությունների թափանցիկությունը կվերահսկվի սոցիալական հարթակների միջոցով

2012-ին ընտրությունների թափանցիկությունը կվերահսկվի սոցիալական հարթակների միջոցով

PanARMENIAN.Net - 2012-ի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին համացանցը մեծ դերակատար է լինելու։ Այս կարծիքն այսօր ասուլիսում հայտնել են տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը լուրջ ռեսուրսներ են ծախսում համացանցում քարոզչության համար։ Հայաստանում 2 տարում ինտերնետ օգտագործողների կտրուկ աճ ունեցանք՝ ինտերնետի գինը և համակարգիչները մատչելի դարձան։ Այժմ կարելի է ասել, որ 2012-ի մայիսին մենք կունենանք մոտ 40% ինտերնետ ներթափանցում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա, քաղաքական լուրջ գործոն են Facebook-ը, ապա Youtube-ը։ «Հայասատանում ամենատարածված սոցիալական ցանցը Odnoklasssniki-ն է 650 000 օգտագործողներով։ Չնայած այս փաստին՝ Odnoklasssniki-ը պասիվ հարթակ է քաղաքական-հասարակական ակտիվության տեսանկյունից»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը և բերեց Ռուսաստանում ընտրությունների օրինակը, որոնց ժամանակ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում ակտիվություն և մեծ աճ գրանցվեց, բացի Odnoklasssniki-ից։

Փորձագետները կարծում են, որ սոցիալական հարթակները կուսակցությունների համար մի կողմից մեծ լսարան ունենալու հնարավորություն են, մյուս կողմից՝ թափանցիկությունը վերահսկելու միջոց։ «Կան որոշ կուսակցություններ, որ շատ ակտիվ են համացանցում, կան որոշները, որ պարզապես ներկա են։ Facebook-ի պիոները ՀԱԿ-ն է, մի պահ ԲՀԿ-ն շատ ակտիվ էր։ Իրականում բոլոր կուսակցություններն էլ ակտիվանում են ընտրությունների նախաշեմին»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետները, խոսելով Ռուսաստանում ընտրությունների փորձի մասին, նշեցին, որ մի կողմից համացանցը դրական է ազդում, քանի որ այսպես ասած հանրությունը սկսում է վերահսկել ընտրությունները։ «Մյուս կողմից էլ սոցիալական հարթակները կարող են օգտագործվել մանիպուլացիայի համար։ Նույն քաղաքական ուժերը կարող են ստեղծել արհեստական ակտիվություն։ Թե քաղաքական ուժերից ով ավելի արդյունավետ կկարողանա աշխատել, կախված է նրանց ճկունությունից, արագ կողմնորոշվելուց»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։

Սամվել Մարտիրոսյանը ավելացրեց, որ Facebook-ը, Twitter-ը չեն կարող վերահսկվել ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում։ «Օրինակ Ռուսաստանում ամենաակտիվ սոցիալական հարթակը Facebook-ը չէ, այլ Vkontakte-ն։ Եվ երբ ռուսական ՀԴԲ-ն փորձում էր վերահսկել այն, նրանց ղեկավարությունը դիմադրեց և բոլորը իմացան, որ ՀԴԲ-ն նման փորձ է արել»-պատմեց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետների կարծիքով Facebook-ի նման հարթակները լուրջ պաշտպանված են, և ներթափանցումը մեծ ներուժ է պահանջում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---