ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ

PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վճռաբեկ դատարանն այսօր դատավճիռ է կայացնելու Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը սպանության կազմակերպիչ Արմեն Սարգսյանին (ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը) եւ հանցագործությունն իրականացնող Ջոն Հարությունյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Մնացած 4 հանցագործության մասնակիցները` Գրիգոր Պետրոսյանը, Ֆելիքս Հարությունյանը, Գեղամ Շահբազյանը եւ Հովհաննես Հարությունյանը, դատապարտվել են տարբեր ժամկետների` 7-12 տարի ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել են բոլոր մեղադրյալները, բացի Ջոն Հարությունյանից, որը խոստովանել է իր արարքը: Արմեն Սարգսյանը Վճռաբեկ դատարանի անցյալ նիստերում հայտարարել էր, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն նրանում, որ չի հայտնել իրական հանցագործի անունը, խոչընդոտել է գործի բացահայտմանը, ինչպես նաեւ շանտաժի ենթարկվելով` հանցագործներին փող է տվել: Մինչդեռ, մեղադրող կողմի կարծիքով, Վճռաբեկ դատարանում հանցագործության ոչ մի ապացույց չի հերքվել, եւ հինգ բողոքից չորսը մերժելի են: Պետք է փոփոխվի միայն 7 տարի ազատազրկման դատապարտված Գրիգոր Պետրոսյանի պատժամիջոցը` կրճատելով այն մինչեւ 5 տարվա: Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանը սպանվել էր 2002 թվականի դեկտեմբերին` իր ծնողների տան մոտ գլխին ուղղված կրակոցով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---