«Արմմոնո». Իրինա Եվդոկիմովան ներկայացրեց «Նվիրում «Ես»-ին» ներկայացումը (Վիդեո)

«Արմմոնո». Իրինա Եվդոկիմովան ներկայացրեց «Նվիրում «Ես»-ին» ներկայացումը (Վիդեո)

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմից «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակում ռուս դերասանուհի Իրինա Եվդոկիմովան ներկայացրեց «Նվիրում «Ես»-ին» ներկայացումը: Այն չափածո դետեկտիվ է. հիմնված Իոսիֆ Բրոդսկու պոեմի վրա: Ներկայացման բեմադրիչն է Ալեքսեյ Զլոբինը: 1 ժամ 15 րոպե տևած ներկայացումը պատմում է մեկ մարդու սպանության մասին և ներկայացված է քրեական գործի հետաքննության մասին: Ներկայացման ողջ ընթացքում Եվդոկիմովան պարում էր բալետային պարեր, և քանի որ մասնագիտությամբ երգչուհի է, հանդիսատեսին ներկայացրեց նաև Վերդիի, Գունոյի, Շուբերտի, Դոնիցետտիի և Պյորսելի արիաները:

Հայ հանդիսատեսը դերասանուհուն ընդունեց հոտընայս, բարձր ծափահարություններով:

Եվդոկիմովան առաջին անգամ չէր ներկայանում հայ հանդիսատեսին: Նա նաև մասնակցել է «Արմմոնո» միջազգային փառատոնին 2010 թ-ին «Ոչ ոք» ներկայացմամբ:

Դերասանուհի, երգչուհի Իրինա Եվդոկիմովան 1990թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինի անվան պետական համալսարանի դերասանական բաժինը: 1994-1998թթ. աշխատել է Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասանուհի: 1998-2009 թթ. հանդես է եկել Ե. Կամբուրովայի անվան երաժշտության և պոեզիայի թատրոնում որպես դերասանուհի և ասմունքող: Դերասանուհին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպես նաև աշխատել է ռադիոթատրոնում: 2009թ. օգոստոսին թողարկվել է Իրինայի առաջին ձայնասկավառակը, որտեղ զետեղված են գերմաներեն լեզվով երգեր: Եվդոկիմովան մի շարք մրցույթների դափնեկիր է: 2006թ. «Օխրիդյան ամառ» (Մակեդոնիա) թատերական փառատոնում «Աբսենտ» ներկայացման համար արժանացել է «Լավագույն կին դերասանուհի» կոչման, 2007թ.մարտին «Մոնոկլ» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնում «Ոչ ոք» մոնոներկայացման համար զբաղեցրել է երրորդ տեղը: 2007թ. հոկտեմբերին նույն ներկայացումը Zvrigzne (Ռիգա) միջազգային թատերական փառատոնում արժանացել է գրան-պրիի:

«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը բացվեց փետրվարի 29-ին և շարունակվելու է մինչև մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---