Խաչատրյանի անվան տրիոն համաշխարհային պրեմիերայով սկսում է մեծ շրջագայություն Լատվիայով և Ռուսաստանով

Խաչատրյանի անվան տրիոն համաշխարհային պրեմիերայով սկսում է մեծ շրջագայություն Լատվիայով և Ռուսաստանով

PanARMENIAN.Net - Խաչատրյանի անվան տրիոն մարտի 11-ից սկսում է մեծ շրջագայություն Լատվիայի և Ռուսաստանի քաղաքներով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, Լատվիայում նրանք ելույթները սկսելու են հայտնի ալտահար Մաքսիմ Նովիկովի հիմնած Spring Music Academy փառատոնի բացմանը: Տրիոյի և Նովիկովի կատարմամբ Ռիգայում տեղի է ունենալու լատվիացի կոմպոզիտոր Գեորգ Պելեցիսի Դաշնամուրային կվարտետի համաշխարհային պրեմիերան: Մարտի 13-ին և 14-ին ևս համերգներ են սպասվում Ռիգայում, իսկ 19-ին` Սիգուլդայում:

Ռուսաստանում սիրված երաժիշտները համերգները սկսելու են մարտի 19-ին` Իվանովոյից, այնուհետև ելույթ են ունենալու Կազանում, Մոսկվայում, Կրասնոդարում, Յարոսլավլում և այն եզրափակելու են ապրիլի 2-ին` Կոստրոմայում: Նշենք, որ Յարոսլավլում նրանք ելույթ են ունենալու Յարոսլավլի նահանգային ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր Սերգեյ Օսելկով) հետ և ներկայացնելու են Բեթհովենի կոնցերտը դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար: Ռուսաստանում հնչելու են Բաբաջանյանի, Չայկովսկու, Արենսկու, Ռախմանինովի, Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անցկացնում են նաև վարպետության դասեր մայրաքաղաքի և մարզերի աշակերտների և ուսանողների համար:

Երաժիշտները ճանաչված և սիրված են նաև արտերկրում: Նրանք ելույթ են ունենում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ելույթ են ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ավստրալիայում և այլուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---