Հեռուստաեթերում բանավեճերը քիչ են, քանի որ հաճախ քաղաքական ուժերը հրաժարվում են մասնակցությունից

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս անել, որ նախընտրական քարոզչության ընթացքը լինի ավելի ինտերակտիվ։ Այս հարցով մտահոգված է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։ Այս հարցը նա այսօր բարձրացրեց Հանրային խորհրդում կայացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպում» թեմայով քննարկման ժամանակ։

«Քարոզչության ինտերակտիվ ընթացքն այն ավելի կենդանի է դարձնում։ Կլինե՞ն արդյո՞ք դեբատներ, կկարողանան ընտրողներն էլ մասնակից լինել այդ ընթացքին»,-այս հարցերը Արշակ Սադոյանը հղեց քննարկման մասնակիցներին։

Ըստ Հանրային հեռուստառադիոխորհդի ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանի, «Հայլուրը» չի խուսափի բանավեճերից, պարզապես խնդիրն այն է, որ շատ հաճախ քաղաքական ուժերն իրենք են հրաժարվում բանավեճի դուրս գալ։ «Հ1-ը պատրաստ է կազմակերպել դրանք թե՛ հիմա և թե՛ հետո։ Մենք սկզբունքորեն կողմ ենք։ Սակայն խնդիրն այն է, որ հիմնականում էսպես է լինում։ Կամ բոլորը ցանկանում են բանավիճել իշխող կուսակցության հետ։ Կամ էլ կոալիցիոն ուժերը հրաժարվում են իրար հետ բանավիճել»-նշեց նա։

Արշակ Սադոյանն առաջարկեց, որ միգուցե ԿԸՀ-ն կարողանա բանավեճերի կարգ մշակել։ Սակայն ԿԸՀ ներկայացուցիչ Լաուրա Գալստյանի խոսքով, տվյալ դեպքում ԿԸՀ-ն լիազորություններ չունի և չի կարող հեռուստատեսության համար կարգ սահմանել։

«Միգուցե այդ դեպքերում հանրությունն էլ իմանա, որ տվյալ քաղաքական ուժը հրաժարվել է մասնակցել և ոչ թե հեռուստաընկերությունը չի հրավիրել»,-նշեց Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս քննարկմանը ՀԽ-ն հրավիրել էր նաև կուսակցությունների ներկայացուցիչների։ Սակայն նրանցից միայն Դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանն էր ներկա քննարկմանը։ Ըստ նրա, դեբատները չպետք է ինքնանպատակ լինեն. «Եթե բանավեճին քաղաքական ուժը հրաժարվում է մասնակցել, ապա պետք է նշել, որ նա այդ կերպ արհամարում է բանավեճի ստուդիայում հանդիսատեսի շարքերում գտնվող իրեն համակիր-քաղաքացուն։ Քաղաքացիները ուզում են մասնակցել դեբատներին։ Մենք ունենք էջ Facebook սոցիալական ցանում, որտեղ տեսնում ենք մեր համակիր երիտասարդների ակտիվությունը, մասնակցությունը և հետաքրքրությունը»։

Արշակ Սադոյանը նշեց, որ ՀԽ-ն ստեղծել է sociology.am կայքն, ուր քաղաքացիները կարող են թողնել իրենց կարծիքը քաղաքական գործիչների մասին և մասնակցել քննարկումներին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---