ՀՖՖ. Պարտադիր չէ, որ ՀԱՕԿ-ն իմանա, թե ֆուտբոլի որ հավաքականը կհավակնի օլիմպիադայում հանդես գալ

ՀՖՖ. Պարտադիր չէ, որ ՀԱՕԿ-ն իմանա, թե ֆուտբոլի որ հավաքականը կհավակնի օլիմպիադայում հանդես գալ

PanARMENIAN.Net - Անդրադառնալով ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուբոլային օլիմպիական ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտած մտքի հետ, ՀՖՖ մամուլի քարտուղարութունը տեղեկացնում է.

«Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել ևս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարևորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերի մարզահագուստ կրելու պայմաններին և պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել: Թերևս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները, որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաև ՀԱՕԿ-ի ղեկավարները»,- գրված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարութունից հայտնում են նաև. «Ինչ խոսք, անչափ շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որ «վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր»: Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական ֆուտբոլի վերելքով»:

Ավելի վաղ, Օլիմպիական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, ըստ որի «Օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու «Forward» -ի մարզակոշիկ , մարզաշապիկ և այլն: Փոխարենը մրցաբեմից դուրս` օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա կամ էլ նախավարժանքի ժամանակ մեր պատվիրակները պարտավոր են հագնել ամենն, ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող, ՄՕԿ-ի օրենքներով աշխատող ՀԱՕԿ -ը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---