ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ «ԳՐԵԹԵ ԳՏՆՎԱԾ Է»

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններում «արդեն համաձայնեցվել են շատ հարցեր», եւ կողմերը աշխատում են «համաձայնագրի տեքստում մնացած վերջին մի քանի տարաձայնությունները հարթելու վրա»: Հակամարտությունը կարող է կարգավորվել արդեն այս տարի կամ գալիք տարվա սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկոյանը, հայտարարել է դիվանագիտական շրջանակներում բարձրաստիճան աղբյուրը: Աղբյուրի խոսքերով` բանակցային գործընթացում ստեղծված իրադրությունը «շատ մոտ է կարգավորման Քի-ուեսթյան փուլին (2001 թվականի ապրիլին), երբ բոլորը կարծում էին, թե համաձայնությունը կայացված էր եւ խնդիրը շատ կարճ ժամանակում լուծվելու էր: Նրա խոսքերով` նման մի փուլ կարող է սկվել օգոստոսին Կազանում, երբ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանցկացնեն բանակցությւոնների հերթական ռաունդը: Կազանում, ինչպես ակնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը քննարկելու են հակամարտության լուծման համաձայնագրի տեքստը: Աղբյուրի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական առանցքը 10-15 տարվա ժամկետում անցկացվելիք ժողովրդական հանրաքվեն է լինելու. ժողովուրդն ինքն է որոշելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: «Հանրաքվեի տարբերակը շրջանառության մեջ է դրվել դեռեւս ամիսներ առաջ, սակայն այն ժամանակ խոսվում էր Ադրբեջանում եւ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին, իսկ այսօր խոսքը միայն Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի մասին է: Ընդ որում, Ադրբեջանը փաստորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի այսօրվա դե ֆակտո կարգավիճակը, այսինքն` ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի վերահսկողության տակ է մնում Լաչինը: Ինչ վերաբերում է հայկական ուժերի վերահսկողության տակ գնտվող ադրբեջանական տարածքներին, ապա դրանք վերադարձվում են Ադրբեջանին` հանրաքվե անցկացնելու հնարավորության դիմաց»,- հայտարարել է աղբյուրը` ավելացնելով, որ «ղարաբաղցիներն են որոշելու իրենց կարգավիճակը` միանալ Հայաստանին, մնալ Ադրբեջանի կազմում կամ դառնալ անկախ»: «Շատ է խոսվել եւ անվտանգության երաշխիքների մասին,- շարունակում է աղբյուրը,- հայ եւ ադրբեջանցի դիվանագետները, ինչպես նաեւ միջազգային միջնորդները հայտնել են, որ հակամարտության գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր: Չէր նշվում, սակայն, թե կոնկրետ ինչ ուժեր: Ադրբեջանը միշտ դեմ է եղել, որ դրանց կազմում լինեն ռուս զինվորներ, իսկ Հայաստանը, իր հերթին, դեմ էր թուրքական ուժերի տեղակայմանը»,- ասել է նա: Դիվանագիտական աղբյուրների հաղորդած տեղեկություններով, այդ հարցը նույնպես գրեթե լուծվել է. այն է` միջազգային խաղաղապահ ուժեր տրամադրող երկրները չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Սրանով բավարավում են թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի պահանջները, քանի որ եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը անդամակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ «փուլափաթեթային ձեւաչափի» լուծման տարբերակը ներառում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացման հարցը. համաձայնագրի ստորագրման պահից Թուրքիան վերաբացում է իր սահմանը Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանը ապաշրջափակում է հաղորդակցության ուղիները: Նույն աղբյուրի տեղեկությւոններով` հակամարտության լուծումը «գրեթե գտնված է»: Դեռեւս հունիսի սկզբին Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել էր, որ «շատ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---