Հայաստանը եւ Ալբանիան համաձայնագիր կստորագրեն միջխորհրդարանական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին Ալբանիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ալբանիայի խորհրդարանի նախագահ Ժոզեֆինա Տոպալին Ա.Բաղդասարյանին իրազեկեց 2005-ի հուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանն ընտրել է երկրի նախագահին: Նա կարեւորեց այն փաստը, որ Ալբանիան ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահությունը հանձնում է Հայաստանին եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանը իր նախագահության ընթացքում լուրջ ներդրում կունենա տարածաշրջանին հուզող հարցերի լուծման մեջ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայ-ալբանական խորհրդարանական կապերի հաստատումը, տարածաշրջանային համագործակցությունը եւ միջազգային կառույցներում փոխգործակցությունը, այցից հետո երկու խորհրդարաններում կստեղծվեն պատգամավորական բարեկամության խմբեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Փոխադարձաբար արժեւորվեցին պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումները, տեղեկատվության ու օրենսդրական փորձի փոխանակումը: Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոիսիուի հետ հանդիպման առանցքում քաղաքական հարաբերությունների հաստատումն ու զարգացումն էր: Նշվեց, որ գլոբալացվող աշխարհում համագործակցությունը տարբեր ոլորտներում ստեղծում է զարգացման հիմքեր: Կողմերը կարեւորեցին քաղաքական կամքի դրսեւորումը, որի առկայությամբ առավել դյուրին են զարգանում առեւտրատնտեսական հարաբերությունները: Ալբանիայի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցը որակեց իբրեւ լավ խթան հարաբերությունների զարգացման համար:





Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ալբանական առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Ս.Բերիշան, որ իր խոսքերով հետաքրքրված է տարածաշրջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հավաստիացրեց, որ աշխարհագրական դիրքը եւ ալբանական օրենսդրությունը շահավետ փոխհարաբերությունների համար բավարար հիմքեր են տալիս, նշվեցին զբոսաշրջության, էներգետիկայի, բնական հարստությունների շահագործման, փոխադարձ ներդրումների հնարավորությունները, քննարկվեցին փոխադարձ այցելությունների եւ բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունները, որի ընթացքում երկու երկրների գործարարները կծանոթանան միմյանց օրենսդրությանն ու տնտեսական հնարավորություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---