Ռ.Քոչարյան. Ռամբույեում ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել

PanARMENIAN.Net - «Ռամբույեում ոչ մի ողբերգական բան տեղի չի ունեցել: Չհաջողվեց պայմանավորվել մեկ կարեւոր սկզբունքի վերաբերյալ: Սակայն, սա առաջին անգամը չէ` մեր բոլոր հանդիպումների ժամանակ միշտ եղել են կետեր, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, սակայն եղել եւ այնպիսիք, որոնց վերաբերյալ մենք չենք համաձայնվել: Եվ իհարկե, հարց է առաջանում` ինչո՞ւ առաջացավ այդ հիասթափությունը: Ես համոզված եմ, որ պատճառը չափազանցված ակնկալիքներն էին: Եվ, իհարկե, հարկ է նշել, թե որտեղից առաջացան այդ ակնկալիքները»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, առաջին հերթին, այդ ակնկալիքներն առաջացան այն լավատեսական հայտարարությունների պատճառով, որոնք պարբերաբար հնչեցվում էին միջնորդների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից մինչեւ Ռամբույեի հանդիպումը: «Այդ սպասումները թելադրվում էին նաեւ Ռամբույեում մեր առանձնազրույցի փաստով, քանի որ մինչ այդ արդեն երկու տարվա ընթացքում բոլոր մեր հանդիպումները կայանում էին տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում, որտեղ հավաքվում էին տարբեր երկրների նախագահները: Եվ, իհարկե, նման սպասումներ այն ժամանակ չէին առաջանում»,-նշել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի հրավերը եւ նրա նման մասնակցությունը եւս ձեւավորեցին որոշակի սպասումներ: Եվ այդ ամենը միասին ստեղծեց մի մթնոլորտ, որի պայմաններում բոլորը սկսեցին կուլմինացիայի սպասել, ինչ-որ հանգուցալուծում ակնկալել, որը չիրականացավ:



Իրականում, ավելացրեց ՀՀ ղեկավարը, բանակցային գործընթացը համահունչ չէր նման սպասումների: Դա միանշանակ է: «Կարող է եւս մեկ հարց առաջանալ` իսկ ի՞նչ նպատակով նման մթնոլորտ ձեւավորվեց: Պատասխանը նույնպես պարզ է` դա կապված է այն հանգամանքի հետ, որ 2006 թվականի հետ մեծ հույսեր են կապվում: Եվ օբյեկտիվ պատճառներով: Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ չկան: 2007-2008 թթ. բարդ են լինելու Հայաստանի համար, եւ ղարաբաղյան խնդիրը կարող է դառնալ նախընտրական տրամադրությունների պատանդը»,-հայտարարել է Ռ.Քոչարյանը: Ըստ նրա, բավականին լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ սկզբունքների շուրջ համաձայնության գալու մտադրությունը մինչեւ «մեծ ութնյակի» հանդիպումը Սանքտ Պետերբուրգում: Դա բավականին կարեւոր գործոն է, եւ համանախագահները կարծում էին, որ եթե հաջողվի համաձայնվել սկզբունքների շուրջ մինչեւ G8 գագաթնաժողովը, ապա լավագույն երաշխիքը կհանդիսանա այն, որ միջազգային հանրությունը կանի հնարավոը այդ համաձայնությունների իրագործմանն աջակցելու համար բոլոր ասպեկտներում` ե'ւ անվտանգության, ե'ւ տնտեսական, ե'ւ ֆինանսական, ե'ւ քաղաքական ոլորտներում: «Ժամանակային այս շրջանակը պարտադրում էր որոշակիորեն արագացնել գործընթացը: Ըստ էության, այդ է պատճառը, եւ իհարկե, նաեւ այդ ցանկությունը որոշակի առումով արդարացված էր նրանով, որ կշահեին բոլոր կողմերը, եթե հաջողվեր հասնել համաձայնության: Չհաջողվեց: Ինչ է լինելու հետո.. Իհարկե, մենք կշարունակենք բանակցությունները: Եվ արտգործնախարարների հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինչ տեմպով»,-հայտարարել է ՀՀ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---