ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործողությունները էժանագին քաղաքական սպեկուլյացիան է

PanARMENIAN.Net - Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկվում էր «Անտառային հրդեհներ. բնապահպանական հետեւանքները եւ տարածքային պլանավորման քաղաքականությունների ազդեցությունը» հարցը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Դրա շուրջ նստաշրջանի սկզբից հանձնաժողովների նիստերում ադրբեջանական պատվիրակության անդամները ելույթներ էին ունենում` դատապարտելով Լեռնային Ղարաբաղին` տարածքները հրդեհելու համար: Հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ Աժ նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նա նշեց. «Խնդիրն, իսկապես, շատ կարեւոր է, սակայն ես հավանաբար ելույթ չէի ունենա, եթե ադրբեջանցի մեր գործընկերն այս դահլիճում ձեզ կոչ չաներ դիմել իմ աջակցությանը` որպես գործընկեր եւ Հայաստանի խորհրդարանի նախագահ: Ես գնահատում եմ ադրբեջանցի մեր գործընկերների վստահությունն իմ նկատմամբ եւ ցանկանում եմ արձագանքել` առանց սպասելու ձեր դիմումին:



Մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանի պատվիրակությունն այստեղ աղմկում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով հայերը հրդեհում են անտառները: Ցավում եմ, որ ամենամեղմ գնահատականը, որ կարելի է տալ այս շոուին, էժանագին քաղաքական սպեկուլյացիան է: Ահա թե ինչու: Երեք տարի առաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, մտահոգված, որ սահմանամերձ արոտավայրերում հրդեհներ են բռնկվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով առաջարկել էր Ադրբեջանի իշխանություններին համագործակցել եւ մշակել համատեղ մեխանիզմներ` դրանք կանխելու համար: Ադրբեջանը չարձագանքեց այդ առաջարկին: ԼՂ եւ Ադրբեջանի մոտեցումների ակնհայտ տարբերությունը հրդեհների խնդրին երեւում է նաեւ վերջին իրադարձությունների զարգացումներից: Մինչ Ադրբեջանը աղմկում է, հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով անցկացնել տեղանքի մոնիտորինգ` իրավիճակը գնահատելու եւ Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հերքելու համար: ԵԱՀԿ ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ ուսումնասիրում են սահմանամերձ տեղանքը եւ որեւէ ընդհանուր բան Ադրբեջանի հայտարարությունների հետ չեն հայտնաբերել: Ցավոք, հայերի եւ Հայաստանի նկատմամբ տարածվող ատելությունը, ագրեսիվ կեցվածքը, սուտը, կեղծիքը եւ մտացածին մեղադրանքներն այն միջոցները, որոնք Ադրբեջանը կիրառում է ամենուրեք` ցանկացած հարցի քննարկման ժամանակ: Այդ նպատակով անգամ կեղծվում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը: Սա անարգանք է ԵԽԽՎ-ի նկատմամբ, Եվրոպայի Խորհրդի արժեքների ու սկզբունքների նկատմամբ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---