Հայ փորձագետ. Ոչ մի նոր բան ԿՀՎ կայքը չի հրապարակել

PanARMENIAN.Net - Ի դեպ, Ադրբեջանում մարդկանց մի ամբողջ խումբ է աշխատում միայն այն ուղղությամբ, որ ցանցում գտնեն ցանկացած արտահայտություն, որը չի համապատասխանում Բաքվի պաշտոնական գաղափարախոսությանը, իսկ հետո, կառավարական կառույցների օգնությամբ փորձեն «շտկել» այն: PanARMENIAN.Net ի թղթակցին այդպես է մեկնաբանել միջազգային իրավունքի փորձագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը ադրբեջանական մամուլի այն հաղորդագրությունը, թե ԿՀՎ-ի Հայաստանին վերաբերող էջում իբր «հայանպաստ սխալ» է հրապարակվել: Մասնավորապես, Բաքվին «վրդովեցրել է» այն հատվածը, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է փոխանցվել 1920 թվականին Մոսկվայի որոշմամբ: Լ.Մելիք-Շահնազարյանի խոսքերով, ԿՀՎ-ի կայքում ոչ մի նոր բան չի հրապարակվել: «Լեռնային Ղարաբաղը իրոք ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում 1921 թվականի հուլիսի 5-ի (կայքի հաղորդագրության մեջ սխալմամբ նշվել է 1920 թ.) Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (բոլշեվիկների)` երրորդ երկրի ոչ սահմանադրական կուսակցական մարմնի` Կովկասյան բյուրոյի որոշմամբ: Փաստորեն ռուս բոլշեվիկները կամայակնորեն տնօրինել են հայկական (եւ հայաբնակ) հողը, փոխանցելով այն խորհրդային Ադրբեջանին»,-ընդգծել է հայ փորձագետը:



Նա գտնում է, որ հենց Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի սահմաններում է հայտնվելու հարցն է առաջացնում Ադրբեջանական Հանրապետության մտավախությունը: «Բաքուն հիանալի գիտի, որ ըստ խորհրդային օրենսդրության, ԽՍՀՄ կազմից դուրս գալիս խորհրդային հանրապետությունն այն տարածքների հարցը, որ ձեռք է բերել խորհրդային իշխանության տարիներին, պետք է համաձայնեցներ ԽՍՀՄ Կենտրոնական իշխանության հետ: Արդեն չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության ինքնորոշումը 1991 թվականին անց է կացվել առանց հանրաքվեի եւ հանրապետության բնակչության կարծիքը հաշվի առնելու, ինչը միջազգային իրավունքով որակվում է, որպես բնիկ ժողովրդների կողմից բնակեցված տարածքների բռնի յուրացում: Ադրբեջանը փորձեց բռնի կերպով իշխել նաեւ Լեռնային Ղարաբաղին, սակայն անհաջողության մատնվեց: Լեռնային Ղարաբաղի հայերը, ինքնորոշվելով միջազգային եւ միութենական իրավունքի նորմերի հիման վրա, կարողացան պաշտպանել իրենց անկախությունը:



Փաստորեն, եւ ես կցանկանայի սեւեռել ուշադրությունն այդ հարցի վրա, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում` ոչ 1918-20 թթ., ոչ 1920-21 թթ., ոչ էլ հետո: Ղարաբաղը եղել է խորհրդային Ադրբեջանի սահմաններում 1921 թվականի հուլիսից, սակայն ԽՍՀՄ կազմում: Լեռնային Ղարաբաղի բնակիչները եղել են ԽՍՀՄ քաղաքացիներ, այլ ոչ թե Ադրբեջանի, ծառայել են ԽՍՀՄ բանակում, ոչ թե Ադրբեջանի, գտնվել են ԽՍՀՄ իրավական դաշտում, ոչ թե Ադրբեջանի: Լեռնային Ղարաբաղը, լինելով ԽՍՀՄ սուբյեկտ, իր ներկայացուցչությունն է ունեցել ԽՍՀՄ գերագույն մարմնում: Պետական հսկողությունը Լեռնային Ղարաբաղում կատարել է ԽՍՀՄ Գլխավոր դատախազի կողմից նշանակված Լեռնային Ղարաբաղի դատախազը: Այնպես որ խոսքը կարող է գնալ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում ընդգրկելու, այլ ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ մտնելու մասին: Այդ իմաստով, ԿՀՎ կայքը ոչ ամբողջ ճշմարտությունն է հաղորդում»,-ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---