Հունաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման փորձով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: «ՀՀ կառավարությունը պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակներում հնարավոր բոլոր ջանքերը գործադրել Հայաստանի եւ Հունաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար` ի նպաստ երկու երկրների ու բարեկամ հայ եւ հույն ժողովուրդների»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա երախտագիտություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին ամենատարբեր ոլորտներում Հունաստանի ցուցաբերած աջակցության համար, հատկապես ընդգծելով ռազմական բնագավառում համագործակցությունն ու աջակցությունը: «Երկար տարիներ աշխատելով անվտանգության բնագավառում եւ ի պաշտոնե շփվելով Հունաստանի պաշտոնական գերատեսչության ղեկավարության հետ, մշտապես զգացել եմ նրանց ջերմ բարեկամական վերաբերմունքը եւ համագործակցության պատրաստակամությունը: Շատ կարեւոր է այդ գործակցության ընդլայնումն ու հետագա զարգացումը, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործողությունների ծրագիր եւ Հունաստանի փորձն ու օժանդակությունը չափազանց օգտակար կարող են լինել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Նա նաեւ համաձայնել է Հունաստանի նախագահի այն տեսակետին, թե մեր բարդ տարածաշրջանում բարեկամներ եւ ընդհանուր շահեր հետապնդող հարեւան երկրներն այնքան էլ շատ չեն, ուստի հանուն բարեկամ ժողովուրդների անվտանգության եւ բարեկեցության ապահովման, անհրաժեշտ է առկա խնդիրների լուծման ու զարգացման ծրագրերի իրագործման հարցում հնարավորինս համատեղել ջանքերը:



Իր հերթին, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը ցավով է նշել, որ այնպիսի դժվարին եւ անընդհատ խնդիրներ հարուցող հարեւանը, ինչպիսին Թուրքիան է, եթե ի վերջո կփոխվեր եւ առաջնորդվեր եվրոպական ընտանիքին հարիր արժեքներով, ապա ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Հայաստանը ստիպված չէին լինի սոցիալական ծրագրերի հաշվին երկրի համախառն ներքին արդյունքից ավելի մեծ միջոցներ հատկացնել պաշտպանության եւ անվտանգության ապահովման խնդիրներին: Հունաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել ոչ միայն երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, այլ նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանի եւ Հունաստանի շահագրգիռ համագործակցության եւ միմյանց պատրաստակամորեն աջակցություն ցուցաբերելու մասին: «Հունաստանը արդեն որոշակի փորձառություն ունի եվրաինտեգրման ու եվրաատլանտյան շրջանակներում գործունեության հարցում»,- ընդգծել է Պապուլիասը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության զարգացման գործում Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Համագործակցության ոլորտների հեռանկարայնության առումով նշվել են հատկապես գյուղատնտեսության, առետրի եւ զբոսաշրջության, ռազմական, կրթության ոլորտները, որոնք, ըստ ՀՀ վարչապետի, կարեւորված են նաեւ ՀՀ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրում: «Մարդկային ներուժով, իմաստնությամբ եւ կարողություններով միմյանց շատ նման ու դարավոր պատմություն ունեցող հույն եւ հայ ժողովուրդները պատմության ընթացքում կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները եւ այսուհետ եւս, աջակցելով ու հարաբերություններն ավելի սերտացնելով` կկարողանան մեծ առաջընթաց ու ձեռքբերումներ ունենալ»,- ընդգծել է Հունաստանի նախագահը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---