Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը դեմ է պատժամիջոցների կիրառմանն Իրանի հանդեպ

PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է պատժամիջոցների կիրառմանն Իրանի հանդեպ, քանի որ դրանք կարող են վնասել ոչ միայն մեզ: Այդ մասին SPIEGEL ONLINE-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ես չեմ կարծում, թե պատժամիջոցները ճանապարհ են հարթում ինչ-որ լուծման համար: Իրանի ղեկավարությունը համոզված է, որ գործում է միջազգային պայմանավորվածությունների սահմանում: Իրանի ղեկավարության հետ շփումներում նրանք պնդում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչ մի ռազմական նպատակ չի հետապնդում, այն դեպքում երբ Արեւմուտքը համոզված է հակառակում: Սակայն եթե Իրանի վրա ճնշում գործադրվի եւ նա զգա, որ իր հետ անարդարացի են վարվում, եթե իրանցիների մեջ այն զգացմունքն ամրապնդվի, թե Արեւմուտքը երկակի չափանիշներ է կիրառում, իրանցիները կհամոզվեն, որ արդար գործի համար կարելի է եւ տառապել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ պատժամիջոցների խստացումը միայն լարվածության ուժգնացմանը կնպաստի: Եվ դժվար է ասել, թե ինչի կհանգեցնի նման բացասական դինամիկան»,-ասել է Քոչարյանը:



Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն Իրանի հետ կառուցողական հարաբերություններ ունի եւ զարգացնում է տնտեսական համագործակցությունը: «Քանի որ երկու մյուս հարեւանների, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ չեն, մենք չենք ցանկանում փչացնել հարաբերությունները նաեւ Իրանի հետ: Իրանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, նրա պետականության արմատները դեպի դարերի խորքն են գնում»,-հայտարարել է ՀՀ ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---