Նախընտրական արշավը Հայաստանում ակտիվանում է

PanARMENIAN.Net - «Որոշ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացրած նախագահության թեկնածուների տոկոսային հարաբերակցությունը բացահայտ սուտ է»,-հայտարարել է ՀՅԴ-ից Հայաստանի նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նախագահին պետք է ժողովուրդն ընտրի եւ «մեզ բացարձակապես չի հետաքրքրում այլ երկրների դիրքորոշումն այս հարցում եւ հարցումների արդյունքները»: «Ես հարգանքով եմ վերաբերում միջազգայնորեն ճանաչված ինստիտուտներին, որոնք մասնագիտանում են սոցհարցումների ասպարեզում, սակայն նրանց գործակալները Հայաստանում ինձ վստահություն չեն ներշնչում, ինչպես եւ նրանց ֆինանսավորման աղբյուրները»,-ընդգծել է Հովհաննիսյանը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ ռուս քաղաքագետները հայտարարում են թե թեկնածուներից մեկը համապատասխանում է իրենց երկրի շահերին եւ նրանք կանեն ամեն ինչ նրա հաղթանակի համար: «Դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: Դա կարող է հանգեցնել նրան, որ մյուս երկրները կարող են սատարել մեկ այլ թեկնածուի իրենց շահերից ելնելով եւ ամեն ինչ անել նրա հաղթանակի համար, ինչը կհանգեցնի գերտերությունների շահերի բախման»,-ասել է Հովհաննիսյանը:



Մինչդեռ, մինչ քաղաքական քարոզարշավի մեկնարկը ընտրողների 43 տոկոսը առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստ էր ձայնը տալ նախագահության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանին: Այդ մասին են վկայում Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի հունվարի 13-21-ը 1200 բնակիչների շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքները: Երկրորդ տեղում է, ըստ հարցման, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ձայների 11 տոկոսով: 6 տոկոսով երրորդ տեղում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Մյուս թեկնածուների վարկանիշներն աննշան են:



Նախագահական ընտրություններում երկրորդ փուլի դեպքում, ընդդիմության միավորումը մեկ թեկնածուի շուրջ չի բացառվում: Այդ մասին հայտարարել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Նա պնդում է նաեւ, որ գործող իշխանությունները, օգտագործելով երկքաղաքացիության մասին չգործող օրենքը, փորձում են կեղծարարության նոր մեխանիզմներ` նոր «կարուսել» ներդնել: Նրա խոսքերով, ըստ անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հայտարարության երկքաղաքացիության մասին օրենքն արդեն շրջանառության մեջ է դրվել: «Այսինքն այդ օրենքով, մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն եւ բնակվում են Ռուսաստանում եւ այլ երկրներում, կկարողանան գալ Հայաստան, անձնագիր ստանալ եւ քվեարկել ընտրություններում»,-հայտարարել է նա, գրում են հայկական ԶԼՄ-ները:



Նշենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում, ձայնի իրավունք ունենալու համար հարկավոր է բնակվել Հայաստանում 6 ամսից ոչ պակաս:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---