ՀՀ ԱԳ նախարարն հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-11-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հունիսի 9-ին նախարար Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենի հետ: ԱԳ նախարարը նշել է, որ լուրջ ներուժ կա տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային եւ կրթության բանագավառում փոխգործակցությունը խորացնելու համար, ընդգծել է նաեւ քաղաքական երկխոսութան ակտիվացման անհրաժեշտությունը:



Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկել է ս.թ. հունիսի վերջին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:



Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի հետ նախարար Նալբանդյանը քննարկել է հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունները եւ զարգացման հեռանկարները: Երկկողմ գոհունակություն է հայտնվել երկու երկրների բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերություններին` այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության ենթատեքստում:



Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բոժկոյի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը դրական է գնահատել տնտեսական համագործակցության բնագավառում դինամիկ զարգացող հարաբերությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բոժկոն քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաեւ մշակութային համագործակցության ընդլայնման հարցերը:



Էդվարդ Նալբանդյանը ընդունել է նաեւ Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեին: Ողջունելով տիկին Ստիլլեին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նա նաեւ բարձր է գնահատել Երեւանում տարածաշրջանայաին դեսպանություն բացելու Բրազիլիայի կառավարության որոշումը` վստահություն հայտնելով, այդ քայլը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Դեսպան Ստիլլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան առաջին պետությունն է, որ իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց Բրազիլիայում եւ դա լուրջ հիմք է երկու ժողովուրդների եւ պետությունների համագործակցության համար:



ԵԱՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Կապինոսի հետ նախարար Նալբանդյանը քննարկեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության հետ կապված հարցեր: Նշելով, որ ԱԳՆ եւ ԵԱՀԿ գրասենյակի միջեւ ի սկզբանե ձեւավորվել է սերտ համագործակցության ավանդույթ, նախարարը կարեւորել է գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դեսպան Կապինոսը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետագա ծրագրերը, Հայաստանի մարզերում իրականացվող եւ հեռանկարային նախագծերը:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ռումինիայի դեսպան Քրինա Ռոդիկա Պրունարիուի հետ զրույցում նախարարը դրական է գնահատել երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա փոխգործակցությունը: Նախարար Նալբանդյանը ցանկություն է հայտնել առավել սերտ համագործակցել Ռումինիայի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Դեսպան Պրունարիուն նշել է, որ իր երկրի իշխանությունները կարեւորում են Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները: Անդրադարձ է կատավել նաեւ հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:



Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները: ՀՀ արտգործնախարարն ընդգծել է հաստատված քաղաքական երկխոսության եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ու դիրքորշումների կոորդինացման կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորություններին:



Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցո Կասսինելլին քննարկել են հայ-իտալական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիայի կառավարությանը Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին օժանդակության համար: Անդրադարձ է կատարվել նաեւ այս տարվա ընթացքում Հռոմում Իտալիայի կառավարության նախաձեռնությամբ Հարավային Կովկասի վերաբերյալ համաժողովի կազմակերպմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---