ԱՀՀ. Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից

PanARMENIAN.Net - Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կողմից հրավերի ընդունումը կարեւոր քայլ դարձավ եւ երկու երկրների միջեւ երկխոսության հնարավորություն ստեղծեց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բայց եւ այնպես, երկխոսության պատրաստակամությունը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր ազգային անվտանգության էությունը կազմող իրողությունից` Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այդ ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ. նրան պետք է հաշտվել իր պատմության հետ»,- ընդգծել է Վարդանյանը:



Նրա խոսքերով, հիմա սպասել է պետք: «Աշխատանքն սկսված է, բայց նման գործերն այդպես արագ չեն արվում: Մենք ապրում ենք XXI դարում, եւ ոչ մի երկիր ցանկացած տարածաշրջանում չի կարող առանձին կղզի դառնալ: Մենք պետք է հարեւանների հետ խաղաղության մեջ ապրենք: Բայց, կրկնում եմ, որ Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից»,- ասել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը:



Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը, ապա Վարդանյանը գտնում է, որ քվեարկող ամերիկացիներն ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների վրա: «Արտաքին քաղաքականության հարցերը նրանց շատ քիչ են հետաքրքրում: Բայց թեկնածուներն իրենց ելույթներում, իհարկե, խոսում են նաեւ արտաքին քաղաքականության արտոնությունների մասին: Ընդ որում, եթե խոսքը գնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Բարակ Օբաման ճանաչման կողմից է հանդես գալիս, մինչդեռ հանրապետական Ջոն ՄակՔեյնը` դեմ: Բայց երբ խնդիրն առնչվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքականությանը, թեկնածուները գրեթե նույն տեսակետն ունեն»,- նշել է Վարդանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---