Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունների ընդլայնումը Եվրամիության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ձգտում է էլ ավելի մերձենալ Եվրոպային, կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ այդ ճանապարհին ակնկալում է ԵՄ աջակցությունն ու օժանդակությունը: Իր հերթին Պիտեր Սեմնեբին նշել է, որ նախագահ Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել հնարավորության կտա գնահատել հարաբերությունները եւ ուրվագծել փոխգործակցության ընդհանուր օրակարգ:



Հանրապետության նախագահն ու դեսպան Սեմնեբին խոսել են նաեւ տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նշելով, որ Հայաստանը հակված է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը` մադրիդյան սկզբունքների հիման վրա, Սերժ Սարգսյանն ասել է. «հայկական կողմն որպես ձեւաչափ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ որպես միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները»: Պիտեր Սեմնեբին ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, եւ ասել, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծումը եւ խմբի աշխատանքներին ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ընդդիմության ներգրավումը:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---