Հայաստանը պետք է ամեն ինչ անի` ապահովելու համար Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում լուրջ առաջխաղացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չի ակնկալվում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նոխկին խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: «Ցավոք, այդ փաստաթղթի տակ բացակայում է ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը եւ հետագայում Բաքուն կարող է շահարկել այս փաստը: Փաստորեն, փաստաթուղթ է ստորագրվել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին, սակայն ԼՂՀ-ն չի մասնակցել դրան: Դա նշանակում է, որ ոտնահարվում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է Տ.Թորոսյանը` հավելելով, որ միեւնույն ժամանակ այս փաստաթուղթը ներկայացնում է բացառապես երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:



«Հռչակագրում անհայտ սկզբունքների մասին է ասվում: Ես դա նորմալ չեմ համարում, երբ խոսում են սկզբունքների մասին, որոնց վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում»,-նշել է Թորոսյանը; Նա նաեւ ընդգծել է, որ նրանք, ով համարում են, թե հռչակագիրը բացառում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը, մոլորվում են: «Հռչակագրում ասվում է միայն հակամարտության քաղաքական կարգավորման մասին, սակայն պարզամտություն կլինի դիտարկել ռազմական միջամտությունը քաղաքական գործընթացից դուրս»,-հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակը: Նրա կարծիքով, այժմ շատ են խոսում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին, սակայն շատ հարցեր կան, թե որտեղ եւ երբ է այն անցկացվելու, եւ թե դա ինչ կտա բանակցային գործընթացին:



«Եթե հանրաքվե անցկացվի ու ԼՂՀ ժողովուրդը քվեարկի անկախության օգտին, եւ Ադրբեջանն ասի, թե չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, ապա ով երաշխիքներ կտա, որ հանրաքվեից հետո միջազգային հանրությունը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Կան տասնյակ նման հարցեր, որոնց պատասխանները դեռեւս չկան»,-ասել է Տ.Թորոսյանը: Նա նաեւ հաղորդել է, որ հայկական կողմի բացթողումն է ղարաբաղյան կողմի դուրս մնալը բանակցային գործընթացից: «Անհրաժեշտ է որքան կարելի է արագ շտկել այդ իրավիճակը եւ ապահովել ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին»,-ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---