«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է տալիս Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության համար

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ից «Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպությունը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Եվրոպական շարժում կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքերով, դեկտեմբերի 12-13-ին կազմակերպության պատվիրակությունը մասնակցել է Միջազգային եվրոպական շարժման վեհաժողովին, որի աշխատանքին մասնակցել են նաեւ եվրոպական 30 երկրների պատվիրակներ:



«Մեզ համար շատ հաճելի է, որ հայկական կազմակերպությունն առաջինն է ԵՄ արեւելյան գործընկեր երկրներից, որը դարձավ Միջազգային եվրոպական շարժման մշտական անդամ: Այժմ մեր պատվիրակությունը ձայնի իրավունք ունի քննարկումների եւ որոշումների կայացման ժամանակ»,-ասել է Ենգիբարյանը` հավելելով, որ կազմակերպությունը մտադիր է իր մարզային խորհուրդները ստեղծել հանարպետության բոլոր մարզերում, այդպիսով նպաստելով նրանց ներգրավմանը եվրաինտեգրման գործընթացին:



Միեւնույն ժամանակ Վ.Ենգիբարյանն ընդգծել է, որ այսօր Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի հետ համագործակցելու մեջ: «Այսօր նույնիսկ իրենք եվրոպացիները հասկանում են, որ, Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ, Հայաստանն առավել շուտ կինտեգրվի Եվրոպային: Վերջերս Եվրահանձնաժողովն առաջարկեց Հայաստանին եւ եւս 5 հետխորհրդային երկրների առանձնահատուկ համագործակցության` Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը: Ի տարբերություն Եվրոպական հարեւանության քաղաքականության, որը չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, Արեւելյան գործընկերությունն առավել բաց եւ արդյունավետ նախաձեռնություն է, որը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին` ԵՄ-ին անդամակցելու եւ նրա հետ համագործակցելու համար»,-նշել է Ենգիբարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---