Հակամարտությունների ռազմական լուծման գաղափարը վտանգավոր է եւ հեռանկարներ չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերությանը» առնչվող հարցեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի անգնահատելի դերը շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում եւ ընդգծել հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ջանքերի կարեւորությունը: Հանրապետության նախագահը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են, որ 2008 թ. օգոստոսյան իրադարձությունները մեկ անգամ եւս հավաստում են առկա հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին` նման մտայնությունը համարելով «վտանգավոր եւ անհեռանկարային»: Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային համապատասխան կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից գործող միջազգային իրավապայմանագրային դաշտի խախտմամբ սեփական ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:



ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչն իր հերթին դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ողջունել այդ խնդրի շուրջ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումը: Գորան Լենմարկերը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը: Զրուցակիցներն արձանագրել են, որ տարածաշրջանում համագործակցության եւ խաղաղության երաշխավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությանը: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի ներգրավումն այդ նախաձեռնությունում եւ ընդգծել է վերջինիս տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---