Հայաստանի նախագահը հուսով է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ հոկտեմբերի 7

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանը կբացվի մինչեւ հոկտեմբերի 7, երբ Ստամբուլում կկայանա երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան հանդիպումը:



«Մենք արդեն մոտենում ենք երկու երկրների միջեւ բանակցությունների ավարտին: Ինչպես դուք գիտեք, մենք համաձայնել ենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսել առանց որեւէ նախապայմանների»,- հայտնել է Սերժ Սարգսյանը «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:



Դրա հետ մեկտեղ նա հատկապես ընդգծել է, որ աշխարհում չի գտնվի մի հայ, որը կհերքի Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք բարի կամք ենք դրսեւորել, եւ ես հուսով եմ, որ թուրքական կողմը կհասկանա մեր բարի նպատակները»,- ասել է Հայաստանի նախագահը:



Հայ-թուրքական երկխոսության մեկնարկի առաջին քայլը կատարվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի հիմնադրման 10-ամյակի տոնակատարությանը, որտեղ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը բավական ազատ միջավայրում մի քանի խոսք փոխանակեցին: Դրան հաջորդեց հետեւյալ քայլը. Հայաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երեւան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը: Գյուլի այցից հետո մինչ այդ գաղտնիության մթնոլորտում ընթացող հայ-թուրքական բանակցություններն ավելի բացահայտ դարձան: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը հանուն ինչ-որ աղոտ տնտեսական շահերի չի պատրաստվում զիջել Թուրքիային կամ մեկ ուրիշին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եւ փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:



Նշենք, որ այսօր ուղիղ մեկ տարի է լրանում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` իր պաշտոնի պարտականություններին անցնելու օրվանից: Այս տարին որոշ փոփոխություններ ներմուծեց պետության արտաքին քաղաքականության մեջ` դրա հետ մեկտեղ չփոխելով առաջնային ուղղությունները, որոնք հայտարարված են Հայաստանի Անկախության հռչակագրում: Այդ իրադարձություններից երկուսն իսկապես նշանակալից եղան ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:



  • Հայաստանի արտաքին քաղաքականության միջանկյալ արդյունքները
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---