Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

PanARMENIAN.Net - Ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս անդամների մահվան կապակցությամբ Իրանում 5 օրյա սուգ է հայտարարվել։

Իրանի նախագահն ու նրան ուղեկցող անձինք զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս, որտեղ նրանք մասնակցել են Արաքսի վրա հիդրոհանգույցների բացմանը։ Ուղղաթիռում են եղել նաև երկրի ԱԳ նախարարը, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող մյուս գործիչների՝ այդ թվում ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք: Անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն: Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը»,–ասվում է ուղերձում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս իր ցավակցություններն է հայտնել Ռայիսիի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։

«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Համոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը։ Մենք կիսում ենք ձեր վիշտը»,- գրել է Սիմոնյանը X-ում։

Ավելի վաղ ցավակցություն էին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն ԻԻՀ Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

Մայիսի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Նշվում էր մառախուղն ու վատ եղանակը։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից հետո, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը։ Մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող տեղ են հասել։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---