Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլ Բյուլ օղլին Երեւանից ժամանել են Բաքու

PanARMENIAN.Net - ԼՂՀ այցից հետո այսօր Հայաստան են ժամանել ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Փոլադ Բյուլ Բյուլ Օղլին եւ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, որոնք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



«Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Մենք չենք ցանկանում միջամտել քաղաքական բանակցություններին, որոնք տեղի եւ ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ: Մենք` որպես երկու երկրների մտավորականության ներկայացուցիչներ, ցանկանում ենք օգնել ապրել խաղաղության մեջ եւ վստահության մթնոլորտ հաստատել»,- ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Միխայիլ Շվիդկոյը:



Իր հերթին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ օղլին եւս մեկ անգամ ընդգծել է, որ նրանք չեն ցանկանում միջամտել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացին: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին այս հանդիպումների անցկացման համար: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է Փոլադ Բյուլ Բյուլ օղլին:



Արմեն Սմբատյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ պետք է հաստատվեն նորմալ հարաբերություններ, եւ հեղինակավոր մարդիկ պետք է մեծ դեր խաղան այդ ուղղությամբ: Ավարտելով Երեւան կատարած այցը` հայ եւ ադրբեջաբցի դիվանագետները եւ Միխայիլ Շվիդկոյը մեկնել են Բաքու:



Հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների առաջին այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կայացել է 2007-ի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ Բյուլ օղլիի նախաձեռնությամբ:



Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988-ին այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: ԽՍՀՄ գործող Սահմանադրության հիման վրա այդ քայլը իրավաբանորեն ձեւակերպվել է 1991-ի դեկտեմբերի 10-ին հանրահավաքի ժամանակ, որի ժամանակ բնակչության 99.89 տոկոսը կողմ է քվեարկել Ադրբեջանից անկախանալու օգտին:



Դրան հետեւել են լայնածավալ մարտական գործողություններ, որոնք ծավալվել են Ադրբեջանի հետ, որոնք 1991-1993 թթ. հաջողությունից հետո 1994-ի գարնանը հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի եւ նրա հարակից 7 շրջանների նկատմամբ Ադրբեջանի հսկողության կորստին:



1994-ի մայիսի 12-ից ուժի մեջ է մտել հրադադարի մասին եւ հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը:



ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որի համանախագհներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ընթանում են 1992-ից մինչեւ օրս:



Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման բանակցային գործընթացի հիմքում ընկած են սկզբունքներ, որոնք մշակվել են ԵԱՀԿ ՄԽ կողմից Մադրիդում (Մադրիդյան սկզբունքներ), որոնց բովանդակությունը երկու երկրների հասարակություններին դեռեւս հայտնի չէ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---