Թուրքիան կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան դանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կարող է վտանգել Հայաստանի հետ ընթացող ողջ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Քանի որ այժմ թուրքական քաղաքականության օրակարգի հիմնական հարցը քրդական խնդիրն է, ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունը կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին այն բանից հետո, երբ ինչ-որ առաջխաղացման հասնի քրդական հարցում»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:



Նա ընդգծել է, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարող է ձգձգել վավերացման գործընթացը: «Հանձնաժողովում 36 պատգամավոր կա, նրանց մեծ մասը Արդարության եւ զարգացման իշխող կուսակցության անդամներ են: Եթե Թուրքիայի ղեկավարությունը որոշի, որ հանձնաժողովը պետք է հավանության արժանացնի Արձանագրությունները, ապա հանձնաժողովը այդպես էլ կանի»,-ասել է պրոֆեսորը: Նա հավելել է նաեւ, որ հանձնաժողովը հազիվ թե հրապարակի իր որոշումը Արձանագրությունների վերաբերյալ մինչեւ դեկտեմբերի 7-ը, երբ տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:



Այդ համատեքստում թրքագետը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա Երեւանն իրավունք ունի դուրս գալ բանակցային գործընթացից: «Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է միջազգային իրավունքը, եւ հայտարարի, որ քանի որ Թուրքիան ձախողում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը, Երեւանը դուրս է գալիս բանակցություններից»,-հայտարարել է Ռ.Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---