Սերժ Սարգսյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկեցին Ղարաբաղի հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է պետության նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի հարցերը: Պիտեր Սեմնեբին նշեց, որ ներկայումս Եվրամիությունը ակտիվ փոփոխությունների շրջան է ապրում:



Զրուցակիցները կարծիքներով փոխանակվեցին տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Եվրոպական միությունը (Եվրամիություն,ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպական միության մասին պայմանագիրը (Մաաստրիխտյան պայմանագիր): Միությունը յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում: ԵՄ գործող նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է վեց ամիս շարունակ ռոտացիայի ճանապարհով:



Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Եվրոպական միության մասին Պայմանագրում եւ Եվրոպական հասարակության հաստատման մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Լիսաբոնյան պայմանագիրը»: Այն կոչված է փոխարինել ուժի մեջ չմտած ԵՄ Սահմանադրությունը եւ փոփոխություններ կատարել Եվրոպական միության մասին գործող համաձայնագրերում ԵՄ վարչության համակարգի բարեփոխման նպատակով: Պայմանագրի համաձայն, ներմուծվում է Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոնը, ով ընտրվելու է եվրոպական առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով եւ երկրորդ ժամկետի համար վերընտրվելու հնարավորությամբ: Եվրոպական խորհրդի մշտական նախագահը ներկայացնելու է Միությունը արտաքին քաղաքականության մեջ իր իրավասությունների շրջանակներում եւ Ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերում, ինչը չի նվազեցնում Բարձր ներկայացուցչի դերը:



2009 թվականի նոյեմբերի 19-ին Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում այդ պաշտոնին նշանակվեց Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---