ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:



Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացն էր: Հայաստանի խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին պատմեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում:



Պիտեր Սեմնեբիի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի եւ առանց անհարկի ձգձգումների: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից: Նա նշեց, որ հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---