ՀՀ նախագահ. Հայ-թուրքական գործընթացի ներկայիս փուլը սպառված է

ՀՀ նախագահ. Հայ-թուրքական գործընթացի ներկայիս փուլը սպառված է

PanARMENIAN.Net - Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ մասին այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալհայ ժողովրդին հղված հեռուստաուղերձում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման:

"Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին` հասնելով մինչև արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է",- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր եկել է «ողջամիտ ժամկետներում» ասածը և «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: "Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են: Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել",- ընդգծել է նա:

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ողջամիտ ժամկետները ավարտվել են: "Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է: Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված: Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն",- նշել է Սարգսյանը` ավելացնելով, որ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, վճռել է առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դա է պահանջում հայ ժողովրդի ազգային շահը: "Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն",- ասել է նա` ավելացնելով, որ ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը Հայաստանի համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավորվեցին երկու երկրների ղեկավարների միջև:

Հայաստանի նախագահը կարևորել է, որ երկու օրից հայ ժողովուրդը նշելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: "Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը",- նշել է նա:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են հայ ժողովրդին մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: "Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել",- ամփոփել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---