Տիգրան Սարգսյան. Մենք պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական գնահատական

Տիգրան Սարգսյան. Մենք պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական գնահատական

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Այսօր համայն հայությունը գլուխ է խոնարհում է 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առաջ: Պետականորեն ծրագրված և իրականացված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր. ոճիր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է:

Ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլև մարդ, ում նախնիները վերապրել են ցեղասպանության սարսափը և ձեզ հետ միասին սգում եմ իմ և ձեր պապերի, նրանց ծնողների, եղբայրների ու քույրերի հիշատակը”: “Մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ ունեն իրենց կորուստն, իրենց ընտանիքի պատմությունը, սակայն նրանց հիշողության մեջ դրոշմված է ցեղասպանության ընդհանուր սպին: Այդ մարդիկ ու նրանց սերունդները մինչև այսօր էլ իրենց մշեցի և սասունցի, վանեցի ու զեյթունցի են համարում: Այսօր դեռ կենդանի են մարդիկ, ովքեր անցել են ցեղասպանության գողգոթան, ու մենք միասնաբար պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:

Հիշատակի այս օրը ես իմ երախտիքի խոսքն եմ ուղղում այն մարդկանց, ովքեր վառ են պահում պատմական հիշողությունն ու պայքարում են արդարության` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

Այսօր, հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը` մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար”,-ասվում է վարչապետի ուղերձում, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---