ՀՀԿ. Եթե Բարաք Օբաման արտասաներ "ցեղասպանություն" բառը, հեղափոխություն չէր լինի

ՀՀԿ. Եթե Բարաք Օբաման արտասաներ

PanARMENIAN.Net - Պետք չէ գոյություն ունեցող բոլոր գործընթացները կապել միայն այն բանի հետ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի "ցեղասպանություն" տերմինը, թե ոչ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում բոլոր ձեռքբերումները խոսում են այն մասին, որ այդ հարցում առաջընթաց կա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Պատգամավորի խոսքով, վերջին գործընթացները ցույց տվեցին, որ աշխարհի պետությունների գերակշռող մեծամասնությունը չեն կասկածում Հայոց ցեղասպանության փաստի հարցում, բայց ելնելով քաղաքական պատճառներից, այդ երկրները պաշտոնական մակարդակով չեն ճանաչում այն: "Վերջիվերջո, եթե Բարաք Օբաման արտասաներ "ցեղասպանություն" բառը, հեղափոխություն չէր լինի: Մեզ համար ավելի կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիների ընթացքում, և մենք կշարունակենք Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, որպեսզի Թուրքիան պատասխան տա այդ հանցագործության համար միջազգային իրավունքի բոլոր կետերի համաձայն",- ընդգծեց նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---