Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը կարող է գումարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը կարող է գումարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բաքվում մասնակցում է Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին` նվիրված կրոնների և ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին: Ապրիլի 26-ին “Գյուլիստան” պալատում կայացած բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին:

“Մենք` կրոնական առաջնորդներս, համախմբվել ենք խորհելու և համագործակցության ուղիներ փնտրելու արդի աշխարհում հոգևոր արժեքների պահպանության ու ամրապնդման համար: Բոլոր ժողովուրդների համար ընդհանուր են մարդասիրության, ազնվության ու արդարության արժեքները, ընդհանուր է խաղաղ կյանքի ձգտումը: Մեր առաքելությունն է մեր ժողովուրդներին համամարդկային արժեքների մեջ ամրացնելը, հավատքի մեջ զորացնելը, աստվածահաճո ուղիներով առաջնորդելը”,-ասել է Վեհափառը:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: “Գտնվելով Բաքվում` Մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար Ղարաբաղյան հակամարտությունը”,-ասել է նա: Գարեգին Երկրորդը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետևողական տարվող աշխատանքները, գոհունակությամբ նշել նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական ջանքերը:

“Մեր երկրների իշխանությունները շարունակում են բանակցային գործընթացը: Լիահույս ենք, որ ջանքերը պիտի շարունակվեն, որպեսզի հարցի վերջնական կարգավորումը ընթանա բացառապես խաղաղ ուղիներով` միջազգային օրենքներին ու չափանիշներին համահունչ և համապատասխան ժողովուրդների իրավունքների նորմերին: Մենք` կարևոր ենք նկատում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի հարցի վերջնական կարգավորում: Մենք աղոթում ենք տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում և ազատ` տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին Մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու և կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում”, ասել է Վեհափառն իր խոսքում:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը հրավեր ուղղեց կազմակերպիչներին Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը գումարելու Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նա նաև հրավիրեց Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---