«Ժառանգությունը» կոչ է անում մարզերի բնակչությանը կազմակերպվել քաղաքացիական կառույցներում

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Անահիտ Բախշյանը և Հայկ Գասպարյանը, կուսակցության Արմավիրի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Մարգարյանը, ինչպես նաև Ռուբեն Հակոբյանը հանդիպումներ ունեցան Արմավիրի մարզի քաղաքացիների հետ:

Էջմիածին քաղաքում նրանք հանդիպեցին շուրջ չորս տասնյակ կուսակցական ակտիվիստների հետ, լսեցին նրանց տեսակետները երկրի համար օրախնդիր հարցերի վերաբերյալ: Էջմիածնեցի կուսակցականները պատմեցին նաև իրենց քաղաքում առկա խնդիրների մասին: Այնուհետև պատվիրակությունը այցելեց Մեծամոր, ուր հանդիպեց ՀԱԷԿ-ի աշխատակիցների և Մեծամորի քաղաքապետի հետ: Վերջիններս իրենց շնորհակալությունը հայտնեցին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը ու անձամբ Անահիտ Բախշյանին` 6 տարի շարունակ իրենց աշխատավարձերի չլուծվող խնդիրը կարգավորելու հարցում դրսևորած հետևողական ջանքերի համար, որի արդյունքում Մեծամորի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին Կառավարությունը ի վերջո վճարեց նրանց հասանելիք շուրջ 630 մլն դրամ աշխատավարձի պարտքը, և հավելյալ 200 մլն դրամ գումար վճարվեց պետական բյուջե` որպես սոցվճար:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցության անունից կոչ արեց մեծամորցիներին հիմնել անկախ ընկերային կառույց` արհմիություն կամ հասարակական կազմակերպություն, որի միջոցով իրենք կկարողանան հանրակարգայնացնել (ինստիտուցիոնալիզացնել) իրենց շահերի պաշտպանության մեխանիզմները: «Սա նաև կարևոր քայլ կլինի դեպի համայնքային ինքնակառավարման ամրապնդում և ժողովրդավարական ավանդույթների կայացում»,- նշեց Բախշյանը:

Նույն օրը ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության Գյումրիի, Ստեփանավանի և Արթիկի ստորաբաժանման ղեկավարներ Վահագն Հովհաննիսյանը, Անուշավան Նիկողոսյանը, Էդմոն Եգանյանը և Կարինե Հակոբյանը Գյումրի և Արթիկ քաղաքներում ընդունեցին 92 քաղաքացիների` լսելով և գրանցելով նրանց խնդիրները, պատասխանելով նրանց հուզող սոցիալական և իրավական բնույթի հարցերին: Կուսակցության ակտիվիստները հատկապես Գյումրիի մասով արձանագրեցին, որ առկա են քաղաքացիների` ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր, և իրենց վճռականությունը հայտնեցին խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ լինելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում:

Նույն օրը «Ժառանգության» ներկայացուցիչները կուսակցության Գյումրիի գրասենյակում տվեցին մամլո ասուլիս տեղական լրատվամիջոցներին` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը թե’ ամբողջ երկրի և թե’ Շիրակի մարզի համար առավել արդիական հիմնախնդիրների, «Ժառանգության» և նրա պատգամավորների գործունեությունը դրանց լուծման ուղղության վերաբերյալ, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---