Էդվարդ Նալբանդյան. Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես նորանկախ Հայաստանի առաջին բանագնաց` իր այցելությունը Դոհա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:

Դեսպան ալ Ռահման ալ-Մեղաիսիբիին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Քաթարում առանձնահատուկ համակրանքով են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, և իր առաքելության ընթացքում կանի առավելագույնը համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռահման ալ-Մեղաիսիբիին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, մտքեր փոխանակեցին մերձավորարևելյան խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---