ՀՅ Դաշնակցությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությամբ

ՀՅ Դաշնակցությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները Ղարաբաղի վերաբերյալ իրենց ընդունած հայտարարության մեջ չեն անդրադարձել ԼՂՀ վրա ադրբեջանական զինված ուժերի վերջին հարձակմանը: Նրանք պետք է հայտարարեին նաև ադրբեջանական կողմի չդադարող ռազմատենչ հռետորության խնդրի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, հայտարարության մեջ միայն ԼՂՀ հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կոչեր են հնչում, ինչն անընդունելի է ՀՅԴ համար: «Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները փաստացիորեն պարտադրում են հայկական կողմին մեզ համար անընդունելի զիջումների գնալ ԼՂՀ կարգավիճակի «մշուշոտ» խոստման դիմաց: Եվ հայտարարության տեքստից հասկանալի չէ, թե Ղարաբաղի որ բնակչության կամքի արտահայտմամբ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- նշել է նա:

Ինչպես նկատել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հայտարարության տեքստի բնօրինակում ԼՂՀ շուրջ տարածքներն անվանվում են «օպուկացված», և այդ համատեքստում հասկանալի չէ հայտարարության առիթով ՀՀ ԱԳՆ ոգևորությունը: «Այդպիսով, Դաշնակցությունը խիստ մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությամբ»,- ասել է Վահան Հովհաննիսյանը` ձեռնպահ մնալով այդ ուղղությամբ ՀՅԴ ձեռնարկելիք գործողությունների մեկնաբանությունից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլայում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահ գործողությունները, վերադառնան մշտական բնակության վայրեր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---