Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 8-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է խմբի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանն ու Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում, ինչն ամուր հիմք է համագործակցության առկա հնարավորությունները լիարժեք իրացնելու համար: Նախագահն այդ առումով կարևորել է միջխորհրդարանական շփումների աշխուժացումը:

«Կանադան մեզ համար կարևորվում է որպես հզոր տնտեսություն ու ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր: Նաև` որպես երկիր, որտեղ շատ բարյացակամ են վերաբերվել մեր հայրենակիցներին, որտեղ նրանք կարողացել են գտնել իրենց երկրորդ հայրենիքը, դրսևորվել` դրանով իսկ ծառայելով և' Կանադային, և' Հայաստանին»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը Կանադայի դաշնային և օրենսդիր իշխանությունների մակարդակով 2006թ. ճանաչելու որոշումը. «Մենք շնորհակալ ենք Կանադայի խորհրդարանին ու կառավարությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած դիրքորոշման համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Կանադան այն եզակի երկրներից է, որտեղ խորհրդարանը և կառավարությունն այս հարցի վերաբերյալ միակարծիք են»-ասել է Սերժ Սարգսյանը: «Կանադա-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը վերահաստատել է հայ-կանադական սերտ հարաբերությունների և ակտիվ համագործակցության մասին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն ու ընդգծել, որ, անշուշտ, այդ մեծ բարեկամության վկայությունն է նաև Կանադայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Հայերը, պարոն Ալբրեխթի հավաստմամբ, զգալի ներդրում ունեն Կանադայի տնտեսության, քաղաքականության, մշակույթի և այլ բնագավառների զարգացման գործում:

Կանադացի խորհրդարանականը տեղեկացրել է, որ իր ղեկավարած պատգամավորական խումբն աշխատանք է իրականացնում ոչ միայն խորհրդարանում, այլև ամբողջ երկրում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը և ջանում է հնարավորինս սատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել են բոլոր ոլորտներում հայ-կանադական համագործակցությունն ավելի ակտիվացնելու, Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումները խրախուսելու անհրաժեշտությունը, որը, զրուցակիցների հավաստմամբ, կստեղծի նաև տնտեսվարման նոր մշակույթ: Կարևորվել է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում կանադական փորձի կիրառումը, նաև` կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---