ՀՀ ՊՆ. Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա

ՀՀ ՊՆ. Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որևէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը, իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մանվել Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա: «Հրավիրում ենք միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին:

Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»,- նշվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Մանվել Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։

Չնայած հայկական կողմի պարզաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---