Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարը նամակներ է հղել Հերման վան Ռոմպույին, Քեթրին Էշտոնին և Ռիինա Կիոնկային

Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարը նամակներ է հղել Հերման վան Ռոմպույին, Քեթրին Էշտոնին և Ռիինա Կիոնկային

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին և Մարդու իրավունքների Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը կարևորում է դեկտեմբերի 7–ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարևոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ հեղինակավոր Եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձևերի, ԵՄ նախագահության 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի և 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները: Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, Մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ և վստահելի քննությունը, Ա1+ հեռուստաընկերության եթերազրկումը և ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը:

Ներկայացնելով նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ` առաջին նախագահը վստահություն է հայտնում, որ ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսությունը կարող է կարևոր և արդյունավետ գործիք հանդիսանալ այս հարցերում Հայաստանի իշխանությունների որդեգրած վարքագիծը փոխելու համար: «Անհրաժեշտ են վճռական և շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք: Դրանք կարող են նաև ցրել հայկական հասարակության այնպիսի վնասակար ընկալումները, որ Եվրոպան պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները` ԼՂ բանակցություններում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի իշխանություններից զիջումներ ստանալու փոխարեն»,- նշված է ՀՀ առաջին նախագահի նամակներում, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---