Երևանի քաղաքապետն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Ուխտային

Երևանի քաղաքապետն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Ուխտային

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Ուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և ուկրաինական քաղաքների միջև համագործակցության ծրագրերին առնչվող խնդիրներ:

Երևանի քաղաքապետը նշեց, որ երկու պետությունների քաղաքների, մասնավորապես Երևանի և Կիևի, Օդեսայի միջև գործնական կապեր հաստատելու պայմանագրեր կան կնքված և, հաշվի առնելով առկա համագործակցության ներուժը, պետք է առաջիկայում էլ ավելի զարգացնել ու ընդլայնել գործակցությունը երկու պետությունների քաղաքների միջև:

Իվան Ուխտայի խոսքով` Ուկրաինայում շուրջ 350 հազար հայ է բնակվում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կյանքում: Ըստ դեսպանի` երկու երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է:

Ուկրաինայի դեսպանը Երևանի քաղաքապետին ներկայացրեց ուկրաինական «Բոգդան» ընկերության նոր արտադրանքի նմուշները` նշելով, որ ընկերությունը Երևանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել` քննարկելու իրենց արտադրած ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանին տրամադրելու հետ կապված խնդիրներ:

Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել և պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկներին և նախաձեռնություններին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---