ՀԱԿ. Իշխանությունը միջոցներ է ձեռնարկում մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների սպասվող ավելացումը թույլ չտալու համար

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Կոնգրեսի վարչախումբը սարսափած է ՀԱԿ-ի՝ փետրվարի 18-ի հանրահավաքի բազմամարդությունից և էներգետիկայից, ինչպես նաև քաղաքական ակտիվության եկած այն պոտենցիալից, որ լրացուցիչ միանում է Կոնգրեսին։ «Ըստ այդմ էլ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պետական այլ մարմինների միջոցով ողջ հանրապետությունով մեկ գործի է դրվել ապօրինությունների աննախադեպ մի զինանոց. այցելում են ընդդիմության ակտիվիստների տները կամ հրավիրում ոստիկանություն` «զրուցելու» հանրահավաքին մասնակցելու «աննպատակահարմարության մասին», հավաքում են միկրոավտոբուսների վարորդների վարորդական իրավունքի վկայականները, հրահանգում են Երևանի և մարզերի տաքսի ծառայություններին` մարտի 1-ին չաշխատել, պետական հիմնարկներում աշխատանքային օրը երկարաձգվել է մինչև ուշ երեկո, բուհերը այդ օրը չեղյալ են հայտարարել դասերը և այլն: Այս ամենի նպատակը հանրահավաքի մասնակիցների սպասվող ավելացումը թույլ չտալն է։ Ոստիկանության ստորին օղակները հիմնականում ձևականորեն են կատարում վերևից եկած ապօրինի հրահանգները, իսկ նրանց գործողություններն ավելի շուտ նպաստում են հանրահավաքի իրազեկմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

ՀԱԿ-ն նկատում է, որ կան նաև «ապօրինի հանձնարարության ինքնամոռաց կատարողներ»: «Այսօր ոստիկանական ջոկատը հարձակվել է նաև քաղաքապետարանի դիմաց իրենց իրավունքների համար ցույցի դուրս եկած առևտրականների վրա։ Վերևից իջեցված քաղաքական պատվերով, ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ մի կողմ է թողել իր սահմանադրական գործառույթները, ինչը կանաչ ճանապարհ է բացել հանցագործների համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ պետական պաշտոնյաները, այդ թվում նաև ոստիկանության աշխատողները կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար նրանք լիազորված են օրենքով։ Դրանից դուրս նրանց ցանկացած գործողություն համարվում է իշխանության չարաշահում, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ ենք անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում, իսկ այն քաղաքացիներին, որոնք կառնչվեն իրենց նկատմամբ ապօրինի պահանջների և գործողությունների, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման, անմիջապես տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---