Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ

Լևոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը սպառված չէ

PanARMENIAN.Net - Մատենադարանի մոտ ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավքում ելույթ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Մարտի 1-ին ընդունած հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մարտի 15-ը, վերաբերում է ոչ թե ողջ փաստաթղթին, ինչպես ցավալիորեն ընկալել են շատերը, այլ միայն նրա առաջին կետին՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Հայտարարությունը ոչ թե վերջնագիր է, ինչպես սխալմամբ կարծում կամ չարամտաբար ներկայացնում են ոմանք, այլ անցնցում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ծրագիր եւ իշխանություն-հասարակություն մակարդակով քաղաքակիրթ երկխոսություն սկսելու առաջարկ՝ հիմնված, առաջին հերթին, պետական շահի եւ ազգային համերաշխության գիտակցության վրա: Վերջնագրով մենք հարկադրված կլինենք հանդես գալ այն ժամանակ, երբ երկխոսության հնարավորությունը սպառված կհամարենք»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում, միանգամայն հասունացել է Հայաստանում արմատական փոփոխությունների իրականացման պահը: «Ես ամենեւին չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում եւ այլուր, տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, այսինքն՝ իշխանությունը վերջիվերջո ենթարկվելու է ժողովրդի կամքին: Բայց նաեւ հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով»:

«Մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից: Շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետեւ հապաղումը թե՞ նրա, թե՞ երկրի համար կարող է ճակատագրական լինել: Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար: Հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեեւ նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---