Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում եվրոպական կառույցների կողմից երկրին ցուցաբերվող օժանդակությունը

Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում եվրոպական կառույցների կողմից երկրին ցուցաբերվող օժանդակությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում` նկատի առնելով, որ նա առաջին անգամ է գալիս Հայաստան:

«Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին և այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում: Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն: Պատրաստ ենք դրանք լսելու և համատեղ աշխատելու: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջև: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու և այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»,- ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:

«Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև Վեհաժողովին»,- ասել է Ջոն Պրեսկոտը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---