Ադրբեջանի տնտեսության և նավթային հատվածի զարգացումը Հայաստանի հետընթացի ֆոնին լրջագույն մարտահրավեր է

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «սոցիալ-տնտեսական» հանձնաժողովի նիստը «Համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը» թեմայով։

Բանախոս, ՀԱԿ հիմնադիր անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը, Հայաստանի տնտեսության վիճակը գնահատելով որպես աղետալի, փաստեց, որ 2011 թ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց համաշխարհային ճգնաժամի ցուցանիշները և Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, համադրեց այն այլ երկրների, մասնավորապես Հարավային Կովկասի պետությունների հետ։

Միաժամանակ ներկայացվեցին տնտեսական վիճակի վատթարացման ներքին պատճառները, դրանց ուղղակի կապը երկրում տարվող քաղաքականության և քրեա-օլիգարխիկ համակարգի հետ։

Համեմատություն կատարվեց Հայաստանի և ԱՊՀ երկրների` ճգնաժամից դուրս գալու ճիգերի և ՀՀ Կառավարության անարդյունավետ գործունեության միջև, ինչպես նաև նշվեց դրսից ստացված վարկային միջոցների փոշիացման և աննպատականին ծախսման մասին։

Հրանտ Բագրատյանը կատարեց բազմաթիվ առաջարկներ տնտեսության խնդիրների վերաբերյալ, որոնք գործող վարչակարգի կողմից սկզբունքորեն մերժվում են, քանի որ այն հակասում է օլիգարխիկ շահեր ունեցող կլաններին շահերին։ Ավելին, վարչակարգի գոյության համար մարդկանց արտագաղթը` երկրից արտահանումը դարձել է իշխանությունը պահպանելու գիտակցված միջոց, ինչը հանգեցնում է ժողովրդագրական աղետի։

Բանախոսը ցավով նշեց, որ վարչակարգը չի թողնում հեղափոխությանն այլընտրանք, կառչելով իշխանությունից, և ոչ մի քայլ չի կատարում դրությունը շտկելու համար։

Հնչեցվեց ահազանգ, որ հարևան Ադրբեջանի տնտեսության և նավթային հատվածի, հատկապես մեքենաշինության և ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանի հետընթացի ֆոնին հանդիսանում է լրջագույն մարտահրավեր և սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը։

Նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր և կարծիքներ ներկայացրին, մասնավորապես գյուղատնտեսության և գյուղի զարգացման, ազատագրված տարածքների վերաբնակեցման, քրեա-օլիգարխիկ համակարգից ազատվելու, երկրում իրակական բարեփոխումներ իրականացնելու շուրջ, հաղորդում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---