Սուրեն Սարգսյան. «Ցեղասպանություն» բառը չարտաբերելը չի նշանակում փաստը դրժել

PanARMENIAN.Net - Պատմաբան Սուրեն Սարգսյանի և թատերագետ Ռուբեն Բաբայանի կարծիքով, պետք չէ ծանր տանել այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտաբերել «ցեղասպանություն» բառը իր ելույթում: Այս մասին զրուցակիցները ասել են ապրիլի 26-ին կայացած համատեղ մամլո ասուլիսում: Պատմաբանի կարծիքով, «ցեղասպանություն» բառն այդ ելույթում էական նշանակություն չուներ, իսկ բառը չարտաբերելով Օբաման չի դրժել փաստը: «Եթե հաշվի առնենք, որ ցեղասպանությունն ընդունել է 21 երկիր ու բազում միջազգային գրասենյակներ, դա ուրեմն ընդունված փաստ է», ասել է նա: Բացի դրանից, Սարգսյանը հավելեց, որ նկատվել է դրական միտում՝ հայերը դառնում են պահանջատեր և այդ միտումը կշարունակվի:

Թատերագետ Ռուբեն Բաբայանի կարծիքով Օբամայից սպասելիքներն իրականում անիմաստ են: «Օբաման ամեն ինչ ասաց, բացի «ցեղասպանություն» բառից, և այդ բառը չարտաբերելով նա կարծես ջնջեց այդ ելույթի ամբողջ բովանդակությունը: Եթե Օբաման ասեր, որ հայերի հետ ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց դա հայերին հասնում էր և թուրքերին պաշտպաներ, դա հաստատ ավելի վատ կլիներ», ասել է Բաբայանը: Նա նաև հավելել է, որ հայերը շատ հաճախակի ընկնում են ձևի հետևից, մոռանալով բովանդակության մասին:

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Բարաք Օբաման անցյալ տարիների նման օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը` խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահն Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջումն անվանել է «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»: Բայց արդեն երրորդ տարին շարունակ, խոսելով 1915-ի դեպքերի մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառն արտասանելուց: Իր ուղերձում նախագահ Օբաման նաև նշել է, որ «պատմության վիճելի էջերն ապակայունացնում են ներկան և ստվեր նետում նրանց հիշողության վրա, ովքեր տվել են իրենց կյանքը»: Նրա խոսքերով, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ էլ առկա են մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի և Թուրքիայի ջանքերը պատմական հարցերի քննարկման համար», հավելելով, որ նրա տեսակետն այս հարցի շուրջ չի փոխվել նրա նախընտրական քարոզարշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

Դեռ ԱՄՆ սենատոր եղած ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չի կատարել իր խոստումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---