Լույս է տեսել հայերեն լեզվով գիրք Եվրամիության տարբեր կառույցների մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «EU Skills» ծրագրի շրջանակում տպագրված Բրիտանական խորհրդի «Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղակատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, կառավարական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության համագործակցությամբ եւ ՀՀ վարչապետի անմիջական աջակցությամբ Բրիտանական խորհուրդը 2009 թ.-ին նախաձեռնեց «EU Skills» ծրագիրը, որը ֆինանսավորում էր Երեւանում բրիտանական դեսպանատունը: Երկամյա այս ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի պետական հաստատությունների եւ գործակալությունների պաշտոնյաների կարողությունները` Եվրամիության հետ առավել արդյունավետ համագործակցության համար:

Այս ծրագրի շրջանակում Եվրամիության եւ դիվանագիտական հաղորդակցությունների վերաբերյալ դասընթացների մասնագետ Քոլմ Դաունսի հեղինակմամբ հրատարակվել է «Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գիրքը, որը մանրամասն տեղեկատվություն է պարունակում Եվրամիության տարբեր կառույցների գործառույթների, նշանակության եւ դերի, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերության գործընթացի վերաբերյալ: Գործնական այս ուղեցույցը պարունակում է փաստեր Եվրամիության վերաբերյալ, իսկ բաժիններն ամփոփվում են վարժությունների շարքով, որն առավել գրավիչ է դարձնում թեմայի ուսումնասիրությունը:

Գիրքը տրամադրվելու է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, պետական գերատեսչություններին եւ համալասրանների համապատասխան բաժիններին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---