Հայաստանի Հանրային խորհրդի փոքր խորհուրդը որոշեց առաջիկա երկու ամիսների անելիքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհրդի փոքր խորհուրդը մայիսի 20-ի նիստում որոշեց առաջիկա երկու ամսվա ընթացքում Հանրային խորհրդի լիագումար նիստ հրավիրել՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելուն և ազատ ձեռներեցությունը խթանելուն առնչվող առաջարկությունների փաթեթը քննարկելու համար: ՀԽ հանձնաժողովներին հանձնարարվեց նույն ժամկետում առնվազն մեկական նիստ գումարել` կուտակված հրատապ հարցերի քննարկմամբ: Փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց նաև այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ առաջիկա երկու ամսում լսումներ կհրավիրի Հանրային խորհուրդը:

Այդ հարցերի թվում են միգրացիայի խնդիրները, գիտության ֆինանսավորմանն առնչվող հարցեր, պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու հարցը, «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի շրջանակներում Եղվարդի ջրամբարի կառուցումը, հեռուստատեսային եթերի բովանդակային որակը: Այս և մի քանի այլ հրատապ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու համար ՀԽ անդամներից ստեղծվեցին աշխատանքային խմբեր, իսկ արդեն գործողների հանձնարարականները որոշակիացվեցին:

Նիստի սկզբում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը զեկուցեց մայիսի 12-13-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցի, Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամների հետ հանդիպումների, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ծանուցեց, որ ՌԴ Հասարակական պալատի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումն աշնանը Երևանում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվության բաժինը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---