16 31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ Երևանում ավարտվեց ՀԱԿ-ի «տոնական» հանրահավաքը 31 մայիսի 2011 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացավ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ինչպես և անցյալ անգամ, այս հանրահավաքը նույնպես կայացավ Ազատության հրապարակում, որը ՀԱԿ-ը խորհրդանշական է համարում հայ ժողովրդի համար: Այս հանրահավաքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ համաներման հայտարարումից հետո դրան մասնակցում էին քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված ՀԱԿ-ի կողմնակիցներ, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Բացի դրանից, ընդդիմությունը ձեռնպահ մնաց հանրահավաքի մասնակիցների կոնկրետ թիվը նշելուց: Հայաստանի Ոստիկանության տվյալներով, հանրահավաքին շուրջ 6000 մարդ է մասնակցել: Մեկնաբանելով Ոստիկանության հաղորդագրությունը` ՀԱԿ-ի համակարգողն ասել է. «Դա կատարյալ անհեթեթություն է և վկայում է պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայության մասին»: Ազատության մաքրված հրապարակն ու փակ ճանապարհները Երևանի Ազատության հրապարակը նախօրոք պատրաստվել էր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը: Մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար տեղադրված ժամանակավոր բեմն ու ամֆիթատրոնը ապամոնտաժվել էին: Սակայն հանրահավաքից մի քանի ժամ առաջ ընդդիմության կողմնակիցները հայտարարեցին, որ մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են: Վանաձորում բնակվող ընդդիմության կողմնակիցները բողոքում էին, թե չեն կարողանում Երևան հասնել և մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին: Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի ավտոկայանում այսօր չկան միկրոավտոբուսներ, որոնք ամեն օր ժամանում են Երևան: Մինչդեռ Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը հայտնել էր, որ մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները բաց են, և որ մայրաքաղաք ժամանելու հետ կապված ոչ մի խնդիրներ չպետք է առաջանան: Տոնական հանրահավաք Հանրահավաքը սկսվեց երևանյան ժամանակով 19:00-ին: Այն բացեց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այսօր Հայաստանում տոն է, քանի որ մենք լուրջ քայլ ենք կատարել ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Մանուկյանը: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն իր հերթին, ողջունելով հավաքվածներին, հայտնել է, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը բեկումնային է: Միքայելյանը նկատել է, որ իշխանության և ընդդիմության միջև նոր հարաբերություններ են ձևավորվում, նախադրյալներ են ստեղծվում երկրում սահմանադրական կարգերի վերականգնման համար: Տեղ գտան նաև փոքր միջադեպեր Հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցների միջև ոչ մեծ միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմության կողմնակից Վարդգես Գասպարին պահանջեց, որպեսզի 2008թ. մարտի 1-2-ի անկարգությունների գործով դատապարտված և վերջերս համաներմամբ ազատ արձակված Արա Հովհաննիսյանը լքի հանրահավաքի տրիբունան, և սկսեց նրան մի շարք հանցագործություններում մեղադրել: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանգստացնել Վարդգես Գասպարիին: Լրագրողների այն հարցին, թե ինչ հանցագործություններում է Գասպարին մեղադրում Հովհաննիսյանին, Գասպարին հրաժարվեց մեկնաբանել: Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց ՀԱԿ-ի կողմնակիցներին և նախանշեց հետագա գործողությունները ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, շնորհավորեց հավաքվածներին «Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման» կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, պետք է եռամյա պայքարի ամենախոշոր հաղթանակը համարել: Նա անդրադարձավ իշխանությունների հետ հնարավոր երկխոսությանը` հայտնելով, ՀԱԿ-ի բանակցությունների օրակարգը չի փոխվել`Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Տեր-Պետրոսյանը հաղորդեց, որ առաջիկա օրերին կորոշվի ՀԱԿ-ի պատվիրակության կազմը, որը կբանակցի իշխանությունների հետ: Սակայն իշխանությունները նույնպես պետք է հրապարակեն ՀԱԿ-ի հետ բանակցությունների օրակարգը: ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքները ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, իշխանությունների հետ բանակցությունների գործընթացում ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքներ անցկացնել: Նա հայտնել է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսին, կոնկրետ ամսաթվի մասին կհաղորդվի ավելի ուշ: Ինչպես հայտնել է Տեր-Պետրոսյանը, այդ հանրահավաքների ժամանակ ՀԱԿ-ը հանրությանը կհաղորդի բանակցությունների ընթացքի մասին: Հանրահավաքի ավարտից հետո սկսվեց ՀԱԿ-ի երթը, որից հետո մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: Մոտ կես ժամ մնալով հրապարակում` ՀԱԿ-ի կողմնակիցները վանկարկում էին «Լևո'ն, նախագա'հ», որից հետո հեռացան տուն: Եկատերինա Պողոսյան, Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. Հայ ազգային կոնգրես 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |