Հայաստանի Զինված ուժերը 20 տարեկան են. Փառավոր անցյալից դեպի նոր հաղթանակներ

Հայաստանի Զինված ուժերը 20 տարեկան են. Փառավոր անցյալից դեպի նոր հաղթանակներ

PanARMENIAN.Net - Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է Հայաստանի Հանրապետության՝ անկախ ու ազատ Հայաստանի, Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարելիցը, որի մասին երազել ու որի համար հայերը պայքարել են դարեր շարունակ: 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց պաշտպանության նախարարի առաջին հրամանը: Թեև, հարկ է նշել, որ հայոց բանակի պատմությունն իր արմատներով հասնում է հազարամյակների խորքը և որ հայերը վաղուց ի վեր հայտնի են եղել իրենց ռազմական ավյունով ու տաղանդավոր զորավարներով:

Մի կողմից 20 տարին այնքան էլ շատ չէ, սակայն այդ տարիներն այնքան հաղթանակներ ու նվաճումներ են ներառել, որ որոշ պետությունների բանակներին դրա համար հարյուրամյակներ են պահանջվել: Անկախ Հայաստանի բանակը կազմավորվեց, երբ Սպիտակի երկրաշարժից ու շրջափակումից թուլացած Հայաստանը իրեն պարտադրված պատերազմում ստիպված էր պաշտպանել Արցախի ազատությունը ու սեփական սահմանները հարևան Ադրբեջանի ագրեսիայից:

Ասում են, մեծը երևում է տարիների հեռվից, և հավանաբար, հաջորդ սերունդները մինչև վերջ կգիտակցեն Արցախյան պատերազմի հերոսների արարման մեծությունը, որոնք, չնայած հակառակորդի հսկայական քանակական գերազանցությանը, թուրք զինվորականների կողմից նրանց ցուցաբերած օգնությանը, Աֆղանստանից ու Չեչնիայից հազարավոր վարձկանների մասնակցությանը, կարողացան հաղթել այս պատերազմում: Հազարավոր կամավորներ, ոչ միայն Հայաստանից, այլ նաև սփյուռքից, կանգնեցին պաշտպանելու Հայրենիքը, սկզբում զինված լինելով միայն որսորդական հրացաններով, մարդիկ դուրս էին գալիս թշնամու զրահատեխնիկային դեմ հանդիման: Այդ պատերազմում եղան փառավոր հաղթանակներ, և ծանր պարտություններ, սակայն անկախ ամեն ինչից մեր ժողովուրդը, որը մարտնչում էր սեփական հողի համար, կարողացավ պաշտպանել այն ու ստիպել թշնամուն ճանաչել սեփական պարտությունը 1994թ. մայիսին:

Արցախյան պատերազմում հաղթանակից հետո հայոց բանակը թևակոխեց զարգացման նոր փուլ՝ բանակաշինության փուլ: Թեև հարկ է նշել, որ այդ գործընթացին մեկնարկ էր տրվել դեռ պատերազմի տարիներին, երբ կամավորների ջոկատների հիման վրա սկսվեց կանոնավոր բանակի կազմավորումը: Նոր բանակի կորիզը կազմեցին Արցախյան պատերազմի վետերանները՝ նախկին խորհրդային բանակի կադրային սպաներն ու ազատամարտիկները: Բանակում սկսեցին կազմավորվել զինուժի տարբեր զորատեսակներ, զինված ուժերը համալրվեցին ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ: Հատուկ ուշադրություն էր դարձվում զինծառայողների պայմանների բարելավմանը, զորամասերի հագեցմանը: Հարկ է նշել, որ Հայոց բանակը, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցելով դաշնակից ռուսական բանակի հետ, համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, և ջանում է փոխառել այն ամեն լավը, ինչ կա Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախապատրաստման համակարգում:

Անշուշտ, չի կարելի անուշադրության մատնել նաև բանակում առկա խնդիրները, մասնավորապես, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը: Զինված ուժերի ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը արմատախիլ անելու համար գոյություն ունեցող թերությունները, սակայն, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ բանակում խտացված կերպով երևան են գալիս մեր հասարակության բոլոր խնդիրներն ու ցավերը, և անհնար է դրանք վերացնել մեկ առանձին կառույցում: Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ բանակում ողբերգական միջադեպերի քանակն անշեղորեն նվազում է. եթե 1995թ. հայկական բանակում զոհվել է, սպանվել է և մահացել է 324 զինվոր, ապա 2011-ին՝ 36: Կցանկանայի մեր բանակի մասին պատումն ավարտել դրական նոտայով, հավատով, որ բոլոր առկա խնդիրները կլուծվեն, որ ապագայում ևս այն կմնա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ինչպես այժմ՝ դա հաստատում են ողջ աշխարհի ռազմական փորձագետները: Եվ ինչպես դիպուկ նկատեց Արցախյան պատերազմի մասնակից, երգիչ ու կոմպոզիտոր Վարդան Ամալյանը. «Հայ ժողովուրդը պետք է սիրի իր բանակը ինչպես հարազատ զավակին»: Չէ որ ինչպես ապացուցում է մեր պատմությունը, մենք կարող ենք հույսներս դնել միայն սեփական ուժերի վրա, իսկ ինչպես հայտնի է, ցանկացած պետության ամենահուսալի դաշնակիցը նրա բանակն է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
10  Հայկական բանակ
58  21.09.11 - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---