Երեւանում քննարկվել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին կոնվենցիայի վավերացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի վավերացում եւ իրականացում` հետեւանքներ, խոչընդոտներ, անելիքներ» թեմայով քննարկումը Հաշմանդամների կազմակերպությունների միջազգային ցանցի նախագահ Ժան Լուկ Սիմոնի ղեկավարությամբ:



Քննարկումը կազմակերպել է «World Vision» բարեգործական կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ նպատակ ունի քննարկել Հայաստանում ներառական կրթական համակարգի ներդրումն ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ու կրթական բարեփոխումներին ուղղված ռազմավարությունը:



«Հայաստանը սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրած առաջին երկրներից է: Այս փաստաթուղթը նպաստում է նման մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Շուտով օրենք կընդունվի ՀՀ-ում սոցիալական ներառման մասին: Օրենքը քննարկվել է եւ համաձայնեցվել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ»,-ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից հաշմանդամների ու տարեցների վարչության նախագահ Ջեմմա Բաղդասարյանը:



Իր հերթին «World Vision» կազմակերպության ներկայացուցիչ Պրասանա դը Սիլվան ասել է.«Սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են մեծ ներդրում ունենալ հասարակական զարգացման գործում: Պետք է ոչ թե կարեկցել, այլ համապատասխան դաշտ ստեղծել նրանց համար»:



Միջոցառմանը մասնակցել են նաեւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հայ եւ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կրթության ու գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---