Հայաստանում հանցագործության աճի հետ աճել է նաեւ դրանց բացահայտումը

PanARMENIAN.Net - 2009 թ. ինն ամիսների արդյունքների համաձայն, Հայաստանում գրանցված հանցագործություններն աճել են 57 տոկոսով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Նրա խոսքերով, 2008 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում հանցագործությունների թիվը կազմում էր 6825, իսկ 2009 թ. -ին արդեն`10719 դեպք: Նա նաեւ նշել է, որ հանցագործությունների աճը պայմանավորված է փակված գործերի հաշվառման կարգի փոփոխություններով, ինչպես նաեւ հանցագործությունների որոշակի քանակ, որոնք կատարվել էին անցյալ տարի, բացահայտվել են 2009 թ.-ին: «37.7 տոկոսով աճել է ծանր, իսկ 30,3 տոկոսով` առանձնապես ծանր հանցագործությունների թիվը», - ասաց նա` նշելով, որ պակասել են խաբեության եւ մեքենաների գողության հանցագործությունները:



Շիրինյանն ավելացրեց նաեւ, որ 2009 թ. ինն ամիսների ընթացքում գրանցվել է զենքի անօրինական շրջանառության 318 դեպք, ինչը 77.7 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից: «Կազմակերպված միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ կամավոր հանձնվել է 971 միավոր հրաձիգ զենք», - ընդգծեց Սայաթ Շիրինյանը: Նա նաեւ նշեց, որ չնայած հանցագործությունների թվի նկատելի աճին, նկատելիորեն ավելացել են հանցագործությունների բացահայտումները բոլոր ուղղություններով:



«Հանցագործությունների բացահայտման ընդհանուր թիվը աճել է 9 տոկոսով, քրեական հետախուզման գծով` 5.3 տոկոսով, ծանր հանցագործությունների գծով` 1.5 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների գծով` 14.5 տոկոսով»,- հայտարարեց Շիրինյանը` ավելացնելով, որ ավելացել է նաեւ անձի դեմ կատարված հանցագործությունների քանակը:



Անդրադառնալով թմրանյութերի տարածման հետ կապված հանցագործություններին` Շիրինյանը նշեց, որ դրանք անցյալ տարվա համեմատ աճել են 50.5 տոկոսով: «Ավելացել են նաեւ թմրանյութերի անօրինական շրջանառման դեմ պայքարի ոլորտում բացահայտման ցուցանիշները: Անցյալ տարվա ընթացքում առգրավվել է 28 կգ 490 գ թմրանյութ», - ասել է Շիրինյանը: Նրա խոսքերով, Հայաստանի ոստիկանությունը ակտիվորեն պայքարում է նաեւ թրաֆիկինգի ու կոռուպցիայի դեմ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---