Ալվարո Անտոնյան. «Երեւանի շենքերն ամրակառուցելու համար կծախսվի մոտ 3 մլրդ դոլար»:

PanARMENIAN.Net - «Երեւանի շենքերի մեծ մասը` մոտավորապես 70 տոկոսը, կառուցվել են դեռեւս խորհրդային տարիներին, երբ սեյսմիկ կայունությունը հաշվարկված էր մինչեւ 7 բալ: Հիմա նորման 9 բալ է, ընդ որում, բոլոր շենքերի ամրակառուցման համար ծախսվելու է 3 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավելի է մեր երկրի տարեկան բյուջեից: Սակայն դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք», - դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:



Նրա խոսքերի համաձայն, այն տներն ու շենքերը, որոնք պետական սեփականություն են, ամրակառուցվելու են պետական բյուջեի հաշվին: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը մշակել է նաեւ «Հույս» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստույգ որոշելու առավել մեծ սեյսմիկ վտանգավորության վայրը եւ ցույց է տալիս հնարավոր երկրաշարժն ու դրա ուժգնությունը:



Փորձագետի խոսքերի համաձայն, նոր շենքերի շինարարներն, ըստ օրենքի, պետք է դիմեն սեյսմիկ ծառայություն` կառուցվող շենքերի սեյսմակայունությունը ստուգելու համար, սակայն այդ կարգը միշտ չէ, որ կիրառվում է:



Անտոնյանի խոսքերի համաձայն, նոր շենքերը, որոնք կառուցված են մայրաքաղաքի կենտրոնում, ինքնին սեյսմակայուն են, սակայն հայտնի չէ, թե ինչ ամրությամբ են բնահողին ամրացված: Երկրաշարժի դեպքում այդ շենքերը կարող են կողքի շրջվել եւ փլված շենքերին չեն կարող մոտենալ ո'չ շտապօգնության, ո'չ հրշեջ մեքենաները:



Ատոմային նոր էլեկտրակայանի կառուցման գոտու սեյսմիկ վտագի վերաբերյալ վարչության պետը նշել է. «Երկու տարին մեկ մենք գնահատում ենք ԱԷԿ-ի գոտում կատարվող շինարարությունը: Նոր եւ հին էլեկտրակայանները լիովին անվտանգ են սեյսմակայունության առումով»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---