Հայաստանում ավտոմեքենան բախվել է ուղեւորատար գնացքի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին` երեւանյան ժամանակով 15:15-ին, Արտաշատ-Այգեւան կայարանամիջում բախվել են մարդատար ավտոմեքենան եւ էլեկտրագնացքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայությունից, ուղեւորատար էլեկտրագնացքը, որը մեքենավար Ե.Ոսկերչյանի ղեկավարությամբ շարժվում էր Երեւան-Արարատ երթուղիով, բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: Խախտելով անվտանգության կանոնները` մեքենան մեծ արագությամբ փորձել է հատել երկաթուղային գծանցը` արհամարելով մոտեցող էլեկտրագնացքը: Վթարի արդյունքում զոհվել են ավտոմեքենայում գտնվող 3 հոգին: Էլեկտրագնացքի ուղեւորները չեն տուժել: Էլեկտրագնացքի կանգառի հետ կապված` ՀԿԵՈՒ աշխատակիցները ուղեւորներին նշանակության վերջնական կետ հասցնելու միջոցառումներ են իրականացրել:



«ՀԿԵՈՒ-ն եւս մեկ անգամ ընդգծում է գծանցերում անվտանգության կանոնների պարզաբանման աշխատանքներին պետական մարմինների, ուսումնական հաստատությունների, ավտոդպրոցների, լրատվամիջոցների մասնակցության անհրաժեշտությունը»,- նշվում է ՀԿԵՈՒ հաղորդագրության մեջ:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---